News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրեց Երեւանի քաղաքապետի իր թեկնածուին: Հուլիսի 29-ին հրավիրված վարչության նիստում կուսակցության անդամները 4 թեկնածուներից նախապատվությունը տվել են դերասան Հայկ Մարությանին՝ «Կարգին Հայկոյին»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ առայժմ ընտրել են «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի առաջին համարին, բայց դեռ որոշում չունեն, ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու են միայնակ, թե՞ «Ելք» դաշինքի հետ միասնական ընտրացուցակով: Իսկ Հայկ Մարությանն ընտրվելու դեպքում, իր խոսքով, «թեւերը քշտած» զբաղվելու է մայրաքաղաքի խնդիրների լուծմամբ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ Տարոն Մարգարյանի հրաժարականից եւ ավագանու հուլիսի 16-ի նիստում քաղաքապետի ընտրության տապալումից հետո: Արտահերթ ընտրություններին մասնակցության որոշում ՀՀԿ-ն դեռ չունի, «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, իսկ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ թեկնածու չունի: Սակայն, ըստ լուրերի, այդ պաշտոնում առաջադրելու են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

Մարտի 1-ի գործով Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվեց, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեցին:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կարծում է՝ երկրորդ նախագահին կալանավորելու որոշումն անօրինական է, նրա դեմ տեղի ունեցածը՝ անձնական հաշվեհարդար:

Մեղադրանքի առաջադրումն ու կալանավորման որոշումը պատվեր է համարում նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը: Իսկ մեղավորները, ըստ նրա, դատախազությունում եւ Հատուկ քննչական ծառայությունում են:

Ռուբեն Սահակյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին ՀՔԾ էին հրավիրել՝ որպես վկա հարցաքննելու, բայց հենց այդ ժամանակ էլ հայտնել են, որ որոշել են մեղադրանք առաջադրել: Դրանից հետո երկրորդ նախագահը հրաժարվել է ցուցմունք տալ, թեեւ, պաշտպանի հավաստմամբ, որոշել էին ցուցմունք տալ: Փաստաբանը նաեւ կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը միջամտի, Ռոբերտ Քոչարյանին հեշտ կլինի արդարացնել:

Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ներքին Չարբախում հրդեհի հետեւանքով 6-ամյա երեխա է մահացել: Հրդեհը բռնկվել է թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ, խոտի դեզ է այրվել:

Հարեւանները պատմել են, որ ողբերգության պահին ծնողները տանը չեն եղել: Ընտանիքի մյուս երեխան՝ 8-9 տարեկան տղան, օգնության է կանչել հարեւաններին՝ ասելով, որ փոքր եղբայրը դեզի մեջ է: Սակայն մինչեւ օգնության են հասել, 6-ամյա տղան արդեն մահացած է եղել: Հարեւանները ենթադրում են, որ երեխան ինքն է վառել խոտը, եւ այրվող դեզն ընկել է նրա վրա: Հրդեհի առաջացման պաշտոնական վարկած, սակայն, դեռեւս չկա:

Սոչիում բռնկված հրդեհի հետեւանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 հայ: 11 տուժածների թվում նույնպես հայեր կան: Զոհվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է՝ 1950 թվականին ծնված Նիրվարդ Հարությունյանը: Մյուս զոհերը շենքի տերերն են՝ միեւնույն ընտանիքի անդամներ՝ Նաիրա, Եվա եւ Աննա Բարսեղյաններ: Ընտանիքի հայրը՝ Արթուր Բարսեղյանը, հիվանդանոցում է:

Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, երեք հարկանի կիսակառույց շենքում: Զոհվածների մի մասը քնած ժամանակ խեղդվել է ծխից: Քննիչների տվյալներով՝ շենքի կառուցման ժամանակ, ամենայն հավանականությամբ, հրավտանգ նյութեր են օգտագործվել, ինչի արդյունքում կրակը շատ արագ է տարածվել: Պատահարի փաստով քրեական գործ է հարուցվել:

Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն Արամ Վարդանյանին Արաբական Միացյալ Էմիրություններում են հայտնաբերել: «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Վարդանյանին հայտնաբերել եւ ձերբակալել են Դուբայի օդանավակայանում: Հիմա երկու երկրների իրավապահները կազմակերպում են Վարդանյանի արտահանձնման գործընթացը: Հավելենք, որ Արամ Վարդանյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ քաղաքացու առեւանգում կազմակերպելու եւ ղեկավարելու համար:

Հուլիսի 30-ին դոլարն արժեզրկվել է, եվրոն՝ շուրջ 3 դրամով թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 7 դրամ 68 լումա, ֆունտինը՝ 631 դրամ:

Հուլիսի 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 6: Երեւանում վաղը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +40+42 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ