Հայաստանի իրավունքն է նախաձեռնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինումը: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, որին օրերս մեղադրանք առաջադրվեց Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը գրավով ազատ է արձակվել, իսկ հայկական կողմը նախաձեռնել է գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը: Ներկայումս ՀԱՊԿ-ում Հայաստանն է նախագահում:

Տիգրան Բալայանի խոսքով՝ գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնությունը պայմանավորված է նաեւ կազմակերպության ամրապնդման ձգտմամբ եւ նրա նորմալ գործունեությանը նպաստելով: Միաժամանակ, Բալայանը շեշտել է, որ Յուրի Խաչատուրովը դեռեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: «Դեռեւս փոխարինման որոշում չի ընդունվել, նա գլխավոր քարտուղարն է մնում: Առաջարկված փոխարինման գործընթացը չի նշանակում, որ նա փոխարինվել է»,- նշել է Բալայանը: Ինչ վերաբերում է հարցին, թե Խաչատուրովի հրաժարականի դեպքում ով կղեկավարի կառույցը, ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Նիկոլայ Բորդյուժայի հեռանալուց հետո եւ մինչեւ Յուրի Խաչատուրովի նշանակումը, գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում էր գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: «Այսինքն՝ պրակտիկա կա»,- նշել է Բալայանը՝ հավելելով, որ որոշումը կընդունվի համաձայնության արդյունքում: Նա միաժամանակ պարզաբանել է, որ գլխավոր քարտուղարի անձեռնմխելիությունը սահմանվում է համապատասխան համաձայնագրով: «Հայաստանը կարծում է, որ գործընթացը պետք է կազմակերպվի կանոնադրության եւ համաձայնությունների համաձայն: Հիմա հետագա քայլերի քննարկումներ են ընթանում»,- նշել է Բալայանը, սակայն բովանդակությունը չի հրապարակել: Բալայանն աննպատակահարմար է համարել գաղտնի աղբյուրների տարբեր գնահատականների մեկնաբանումը՝ պարզաբանելով, որ ուղիղ կապի մեջ է  ՌԴ ԱԳՆ գործընկերների հետ, եւ չի կարծում, որ կարող է տեղեկությունները նման եղանակով փոխանցելու անհրաժեշտություն առաջանալ:

Տիգրան Բալայանը շեշտել է, որ Հայաստանի իրավունքն է գլխավոր քարտուղարի փոխարինման նախաձեռնումը: «Նա գլխավոր քարտուղարն է, նշանակվել է 6 պետությունների կողմից: Տեսականորեն այս գործընթացը կարող էր առաջարկել որեւէ մեկ ուրիշը»,- պարզաբանել է Բալայանը: