Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը պաշտպանները կներկայացնեն վաղը՝ օգոստոսի 1-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանը:

Փաստաբանը նշեց, որ այսօր Վերաքննիչ բողոքը չեն հասցրել ներկայացնել տեխնիկական պատճառներով:

Արամ Օրբելյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն առանձին խցում է պահվում. «Մենք դիմում ենք գրել՝ կապված նրա ստեղծագործական աշխատանք կատարելու հետ: Տեղյակ չեմ՝ դիմումը բավարարվե՞լ է դեռ, թե ոչ»:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում: