News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայ-թուրքական սահմանի Գյումրիի հատվածում սահմանախախտի են բռնել: Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները տղամարդուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս: Նա Թուրքիայի քաղաքացի է: Խուզարկության ժամանակ տղամարդու մոտ բջջային հեռախոս են գտել, որում պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներ ու ֆայլեր են եղել: Սահմանախախտին փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Կառավարության այսօրվա նիստն ուրախ տրամադրությամբ է սկսվել: Առողջապահության ոլորտի ծրագիր ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը շփոթել է նախարարներին, հետո կատակել:

Գործադիրի այսօրվա օրակարգում 29 հարց էր ներառված, որոնց գերակշիռ մասը՝ 26-ը՝ չզեկուցվող: Օրակարգը սպառելուց հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է կրթական համակարգում գոյություն ունեցող խնդրի, իր բնորոշմամբ՝ զուգահեռ իրականությունների գոյության վրա: Հայաստանի բուհերում, օրինակ, իրավաբանների, դիվանագետների են պատրաստում, իսկ գերատեսչությունների կազմում նույն մասնագիտություններով ակադեմիաներ են գործում: Ստացվում է, որ բուհական կրթությունը բավարար չէ գործնական աշխատանքի անցնելու համար: Որպես լուծման տարբերակ՝ վարչապետն առաջարկում է ակադեմիաները նույնականացնել բուհերի համապատասխան ֆակուլտետների հետ:

Կրթության նախարարը նույնպես բուհական ոլորտում լուրջ փոփոխության կարիք է տեսնում. մասնավորապես, մասնավոր բուհերի պարագայում Արայիկ Հարությունյանն առաջարկում է գնալ խոշորացման կամ փակման ճանապարհով: Բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արդեն քննարկել է հարցը:

Իսկ Հատուկ քննչական ծառայության ղեկավարից լրագրողները հետաքրքրվել են Մարտի 1-ի գործով վերջին իրադարձություններից, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումից եւ երկրորդ նախագահի պաշտպանների հայտարարություններից այն մասին, որ մեղադրանքն իրավական անգրագիտություն է: Սասուն Խաչատրյանն այդ հայտարարությունները մանիպուլյացիա եւ ծիծաղելի է որակել, նաեւ հավելել, որ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչված Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մեջ որեւէ խախտում չկա:

Սասուն Խաչատրյանը նաեւ պարզաբանել է, թե ինչու, ասենք, նույն գործով Յուրի Խաչատուրովի պարագայում դատարանը գրավի որոշում կայացրեց, Ռոբերտ Քոչարյանի դեպքում՝ կալանավորման:

Յուրի Խաչատուրովը կարող է հեռանալ Հայաստանից, սակայն պարտավոր է քննչական մարմնի առաջին իսկ պահանջով ներկայանալ: Հատուկ քննչական ծառայությունում այսպես են պատասխանել Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությանը: Փաստաբանը Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ-ում աշխատանքային պարտականություններին վերադառնալու հետ կապված այսօր երկրորդ միջնորդությունն էր ներկայացրել ՀՔԾ: Այն, փաստորեն, բավարարվել է:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունից պարզաբանել էին, որ Խաչատուրովի նկատմամբ սահմանված խափանման միջոց գրավը երկրի սահմաններից դուրս գալու խոչընդոտ չի համարվում, բայց քննչական մարմնի համաձայնություն է պետք, ինչի համար էլ փաստաբանը ՀՔԾ էր դիմել: Հավելենք, որ օգոստոսի 2-ի ժամը 18։00-ի դրությամբ Խաչատուրովը դեռեւս չէր հեռացել Հայաստանից: Մինչ այդ, հայկական կողմն արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու գործընթաց է նախաձեռնել:

«Ելք» դաշինքում պառակտումն այլեւս ակնհայտ է. դրա կազմում ընդգրկված «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները որոշել են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել առանձին դաշինքով: Նոր դաշինքը նաեւ նոր անվանում կունենա, սակայն դրա մասին դեռեւս չեն հայտնում: Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի կուսակցությունների դաշինքից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. նա Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է: «Ելք»-ի մյուս կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» էլ օրեր առաջ քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր դերասան Հայկ Մարությանին: Գործող ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասում է՝ շարունակում է նախընտրելի մնալ ընտրություններին երեք ուժերով մասնակցության ձեւաչափը, եւ քննարկումները դեռ չեն ավարտվել:

Արդեն Երեւանի քաղաքապետի թեկնածու ունի նաեւ ԲՀԿ-ն. ավագանու արտահերթ ընտրություններում Գագիկ Ծառուկյանի կուսակցության ցուցակը կգլխավորի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ընտրացուցակի երկրորդ տեղում Պետրոս Ղազարյանն է, նրան հաջորդում է Արման Աբովյանը: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունից եւս մեկ պատգամավոր է հավակնում Երեւանի քաղաքապետի պաշտոնին: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի տեղեկացմամբ՝ առաջիկա ընտրություններին կմասնակցի նաեւ Արարատ Զուրաբյանը, ով կգլխավորի ՀՀՇ-ի ցուցակը:

Անապայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: 43-ամյա հային դանակահարելու մեղադրանք է առաջադրվել Կալմիկիա Հանրապետության 36-ամյա բնակչի: Ռուսական աղբյուրների համաձայն՝ վերջինը հարբած վիճակում մոտեցել է Անապայի սրճարաններից մեկում աշխատող Հայաստանի քաղաքացուն, տղամարդկանց միջեւ վիճաբանություն է սկսվել: Այդ ժամանակ էլ Կալմիկիայից զբոսաշրջիկը վերցրել է դանակն ու բազմաթիվ հարվածներ հասցրել «հակառակորդին»: Ստացած վնասվածքներից տուժողը տեղում մահացել է:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում լարվածությունն աճում է: Վաշինգտոնը որոշել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարների նկատմամբ: Իսկ պատճառը Թուրքիայում ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունն է. նրան մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Հոգեւորականին 35 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն ասել է՝ այս երկու պաշտոնյաներն առանցքային դեր են խաղացել Բրանսոնի կալանավորման հարցում:

Պաշտոնական Անկարան շտապել է հայտարարել, որ թուրք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներն իրավական հիմք չունեն, իսկ ԱՄՆ-ին կոչ է արել փոխել այս սխալ որոշումը: Հակառակ պարագայում, Թուրքիայի ԱԳՆ սպառնացել է պատասխան պատժամիջոցներ կիրառել: Այս իրադարձությունների ֆոնին թուրքական լիրան արդեն այսօր բոլոր ժամանակների փոխարժեքի անկման ռեկորդ է սահմանել՝ 1 դոլարի դիմաց կազմելով շուրջ 5 լիրա: Ազգային արժույթի արժեզրկման հետ մեկտեղ՝ դիրքերն է զիջում նաեւ թուրքական ֆոնդային բորսան՝ դոլարային արտահայտությամբ:

Օգոստոսի 2-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, իսկ եվրոն էժանացել է եւս 3 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 558, ռուբլունը՝ 7 դրամ 60 լումա, ֆունտինը՝ 629 դրամ:

Օգոստոսի 3-ին հանրապետության շրջանների զգալի մասում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ