News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, դիմել է պաշտպանության նախարարին եւ հայտնել, որ պատրաստ է մեկնել ծառայության:

Դավիթ Տոնոյանին ուղղված նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Ես՝ Տրդատ Սուրիկի Խաչատրյանն եմ՝ ծնված 23.07.1996թ.: Բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում նաեւ թիվ 90100518 քրեական գործում, ինձ ներկայացնում են որպես՝ ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդի:

2014թ.-ի ձմեռային զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ «նեւրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ, ստացել եմ 3 տարի ժամկետով տարկետում:

2017թ.-ին ձմեռային զորակոչին ճանաչվել եմ զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվել պահեստազորում: Իրականում ես ստացել եմ այդ հիվանդությունը հետեւյալ դեպքերի կապակցությամբ: 2013թ.-ին Գորիսի, մեր տան բակում, տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը:

Նշված դեպքին ես մասնակից եմ եղել եւ վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, եւ ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, եւ տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երեւույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նեւրասթենիա չափավոր արտահայտված» եւ այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեեւ այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել:

2017-2018թթ.-ին ես, իմ ծնողների օգնությամբ ձեռնարկել ենք տարբեր տիպի բժշկական, առողջական, հոգեբանական միջոցներ (դիմելով տարբեր բժիշկների, մասնագետների, տարբեր բժշկական կենտրոնների, այդ թվում նաեւ արտերկրում գտնվող բժշկական հիմնարկների), որոնք, ինչ խոսք, դրական ազդեցություն են գործել, եւ ես նախկինի համեմատ ինձ ավելի լավ եմ զգում: Ներկայումս քննիչի կողմից նշանակվել է դատա-հոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություն, որը սկսվելու է իրականացվել 30.հուլիսի.2018թ.-ից:

Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ