News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան վաճառում է կանադական ակտիվները երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի ֆոնին, հաղորդում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարբերականի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը եւ պետական կենսաթոշակային հիմնադրամները հանձնարարել են իրենց արտասահմանյան ակտիվների կառավարիչներին վաճառել կանադական բաժնետոմսերը, պարտատոմսերը եւ կանխիկ գումարները՝ «անկախ դրանց արժեքից»:
Վաճառքը սկսվել է նախորդ օրը: Այսպիսով, Էր Ռիյադն օգտագործում է քաղաքական եւ ֆինանսական լծակները, որպեսզի զգուշացնի արտաքին տերություններին, թե ինչն է նա համարում միջամտություն իր ներքին գործերին, գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Կանադայի ԱԳ նախարար Քրիթիա Ֆրիլանդը հինգշաբթի հայտարարել էր, որ «չափազանց անհանգստացած» է Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Սամար Բադաուիի՝ բլոգեր Ռաիֆ Բադաուիի քրոջ կալանավորմամբ, եւ կոչ էր արել երկուսին էլ ազատել: «Սաուդյան Արաբիայի լիբերալ համացանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադաուին կալանավորվել էր 2012 թվականին թագավորության հոգեւորականությանը եւ կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Նրան մեղադրում են նաեւ իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների եւ հորը չենթարկվելու համար, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է հանցագործություն: Բադաուին կրում է 10-ամյա բանտարկության պատիժ:
Կանադացի դիվանագետների հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Օտավայում իր դեսպանին հետ էր կանչել, ինչպես նաեւ Էր Ռիյադում Կանադայի դեսպանին անցանկալի անձ էր հայտարարել՝ նրան 24 ժամ տալով երկրից հեռանալու համար: Դրանից բացի, Սաուդյան Արաբիան հայտարարել էր  Կանադայի հետ բոլոր նոր առեւտրային ու ֆինանսական գործարքները սառեցնելու մասին, կասեցրել էր համատեղ կրթական ծրագրերը եւ սաուդցի ուսանողներին Կանադա ուղարկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ