News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ կմնա: Գլխավոր դատախազությունը մերժել է երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի 45 պատգամավորների միջնորդությունը: Դատախազությունում շարունակում են պնդել, որ այլ խափանման միջոցի ընտրությունն ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին միացել են պատգամավորներ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցություններից:

Կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է նաեւ Քոչարյանի փաստաբանների խումբը: Վերաքննիչ դատարանում բողոքը կքննվի վաղը՝ օգոստոսի 9-ին:

Դատախազության որոշումը վրդովել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով նույնպես ստորագրել է երաշխավորագիրը: Նա տպավորություն է ստացել, որ ընտրովի արդարադատություն է իրականացվում: Շարմազանովը, միաժամանակ, դժվարացել է ասել, թե որն է լինելու ՀՀԿ-ի հաջորդ քայլը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու գործում: Նշել է, որ այդ մասին կհայտնեն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո։

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Նրան կասկածում են ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ: Մարտի 1-ի գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայությունը տվյալներ է ստացել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք է պահվում: Խուզարկության ընթացքում տվյալները հաստատվել են: Հաղորդագրության համաձայն՝ գործարանը փաստացի պատկանում է Հովիկ Աբրահամյանին, սակայն ձեւակերպված է Ամբիկ Գեւորգյանի անվամբ: Վերջինը նույնպես ձերբակալվել է: Իրավապահները փորձում են պարզել զենքերի ձեռքբերման աղբյուրները, ինչպես նաեւ այն, արդյո՞ք 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին դրանք գործադրվել են:

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր լարված մթնոլորտում է անցել: Ամբաստայալներից Գագիկ Եղիազարյանն ազատ է արձակվել. «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներ էին երաշխավորել:

Խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել նաեւ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ազատ Շահբազյանը: Մեղադրողը, սակայն, առարկել է՝ միջնորդելով նախ հարցաքննել Պավլիկ Մանուկյանին՝ կապված նրա աղմկահարույց հայտարարության հետ, հետո նոր անդրադառնալ խափանման միջոցը փոխելու միջնորդությանը: Պավլիկ Մանուկյանն ասել է՝ պնդում է նախկինում արված հայտարարությունը. պատահական կրակոցն արձակվել է Էդվարդ Գրիգորյանի կողմից, իսկ բանկոմատը բացել է Մխիթար Ավետիսյանը: Նա նաեւ պնդել է, որ անձամբ է ներկա եղել կրակոցի պահին, որից զոհվել է ոստիկան Գագիկ Մկրտչյանը, իսկ բանկոմատը բացելուն ականատես չի եղել: Մանուկյանն այսօր եւս մեկ աղմկահարույց հայտարարություն է արել. ինքն իր անձնական զենքով է մտել ՊՊԾ գունդ եւ դատավարությունից հետո պահանջելու է վերադարձնել այն:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը մերժել է Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ազատության մեջ գտնվելով՝ նա կազդի դատավարության մյուս մասնակիցների վրա:

Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր հանդիպել է այդ պաշտոնում իրեն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվի հետ: Հանդիպումն արգելվել է տեսանկարահանել. դերասանն ասել է՝ կուսակցական հարցեր են քննարկելու: Նա նաեւ հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել՝ բացատրելով, թե ինչու:

Իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Նա տեղեկացրել է, որ իր թեկնածությունը որոշել են առաջադրել «Երեւանի հանրություն» նախաձեռնություն ձեւավորած հասարակական կազմակերպություններն ու «ԳԱԼԱ» կուսակցությունը:

Երեւանի քաղաքապետարանը 12 մլն դրամով տուգանել է «Սանիթեք» ընկերությանը: Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ընկերությունը պատշաճ չի կատարել պայմանագրով սահմանված ծառայությունները: Հայտնաբերված թերությունների մասին «Սանիթեք»-ին տեղեկացրել են, նաեւ դրանք վերացնելու համար ժամանակ տվել: Ընկերությունը, սակայն, ոչ բոլոր դեպքերում է վերացրել թերությունները: «Սանիթեք»-ին նաեւ զգուշացվել է. ծառայությունները պայմանագրին համապատասխան չիրականացնելու դեպքում ավելի կոշտ միջոցներ են կիրառվելու:

Երեւանի Իսակովի պողոտայում կեսգիշերն անց արտակարգ պատահար է տեղի ունեցել: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է պողոտայում գործող CPS բենզալցակայանի մեջ: Բռնկված հրդեհը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքում: Կրակը հաջողվել է մարել, սակայն բենզալցակայանի պահուստային տարաներից վառելիքի արտահոսքը երկար ժամանակ շարունակվել է, փականներն էլ չեն գործել: Պատահարի հետեւանքով Իսակովի պողոտայում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող եւ հետադարձ ճանապարհները երկար ժամանակ խցանված են եղել:

Օգոստոսի 8-ին դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվել է, իսկ ռուբլին էժանացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 558, ռուբլունը՝ 7 դրամ 51 լումա, ֆունտինը՝ 621 դրամ:

Օգոստոսի 9-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ