News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան հունվարի 30-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանի հետ քննարկել է Հայաստանի ու Սիրիայի միջեւ կրթական դիպլոմների ճանաչման հարցերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հանդիպմանը քննարկվել է նաեւ Սիրիայում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիների` սիրիական նախակրթական հաստատություններում ու վարժարաններում դասավանդելու թույլտվություն ստանալու խնդիրը:

Աշոտ Մանուկյանը նահանգապետին հայտնել է, որ հյուպատոսական շրջանում ապրում է շուրջ 500 ՀՀ քաղաքացի, հիմնականում` կանայք, որոնց մի մասը, ունենալով բարձրագույն կրթություն, չի կարողանում աշխատել ուսումնական հաստատություններում, քանի որ առկա են բազմաթիվ խոչընդոտներ:

Ալի Ահմադ Մանսուրան խոստացել է զբաղվել այդ հարցերով: Բացի այդ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հյուպատոսության կողմից ներկայացվող թեկնածուներին աշխատանքի տեղավորման հարցերով կաջակցի անձամբ նահանգապետը:

Նահանգապետը խոստացել է նաեւ Հայաստանի բուհերի դիպլոմների ճանաչման վերաբերյալ հարցը քննարկել Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ, նախքան նախարարի` առաջիկայում Հայաստան նախատեսվող այցելությունը:

Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը նահանգապետին փոխանցել է Արարատի մարզպետի` Հայաստան այցելելու հրավերը, որն ընդունվել է գոհունակությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ