News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Երեւան» հիմնադրամի մասով ունենք 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման նախնական հաշվարկի համաձայն՝ 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում ունենք այս պահին»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից եւ Ա.Խ.-ից այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման եւ գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել եւ հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ