News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ դատարանը սկսել է քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը: Այսօր շուրջ 9 ժամ տեւած նիստը հետաձգվել է մինչեւ վաղը: Փաստաբաններից Արամ Օրբելյանը դրական ակնկալիքներ ունի: Ասում է՝ բողոքը մերժելու հիմքեր չի տեսնում: Հայկ Ալումյանն էլ նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ երկրորդ նախագահը դատարանում խոսել է:

Մինչ այս, գլխավոր դատախազությանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել Ազգային ժողովի 45 պատգամավորներ: Այն, սակայն, նախօրեին մերժվել է: Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահին Մարտի 1-ի գործով երկրում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: Հատուկ քննչական ծառայությունը կարծում է, որ ազատության մեջ հայտնվելով՝ Քոչարյանը կարող է ազդել գործի մասնակիցների վրա:

Մարտի 1-ի գործի շրջանակում երեկ խուզարկություն է կատարվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում: Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն այսօր լրագրողներին ասել է՝ օպերատիվ տվյալներ ունեին, որ թաքցված զենք կա, որը, հնարավոր է, կապ ունի Մարտի 1-ի դեպքերի հետ: Բայց սա, Արթուր Վանեցյանի խոսքով, դեռ վարկած է, եւ միայն փորձաքննության արդյունքում պարզ կլինի, արդյո՞ք խուզարկության ընթացքում հայտնաբերված զենքերն օգտագործվել են 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ:

Հատուկ քննչական ծառայության պետը հրաժարվել է հայտնել՝ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվել է, թե՞ ոչ: Հավաստել է միայն, որ նախկին վարչապետին մեղադրանք չի առաջադրվել: Սասուն Խաչատրյանը չի շտապում նաեւ ասել, որ մարտի 1-ին եւ 2-ին ցուցարարների վրա հարձակվողների թվում եղել են նաեւ Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները:

Մարտի 1-ի գործով հարցաքննված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, չնայած տարածված լուրերին, մեղադրանք չի առաջադրվել: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հնարավոր հարցաքննմանը. ՀՔԾ պետն ասում է՝ նախաքննությունն է որոշելու:

Սասուն Խաչատրյանը նաեւ պնդում է, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ կան: Իսկ «Վիկիլիքս»-ի հրապարակման հիման վրա, ըստ նրա, մեղադրանք չի առաջադրվել:

Ի դեպ, մամուլում տեղեկություններ կան, որ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Ըստ լուրերի՝ օրերս նա ԱԱԾ է հրավիրվել:

10 կազմակերպություններ պաշտպանության նախարարության համար 10 մլրդ դրամի մատակարարումները խախտումներով են իրականացնել: Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) տվյալներն ու փաստաթղթային հիմքերը տրամադրել է վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականը: ԱԱԾ քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Խոսքը 2009-2017 թվականների ժամանակահատվածի եւ բանակին անհրաժեշտ տարատեսակ ապրանքների ու սպառազինության մասին է: Որոշ դեպքերում պայմանագրային ժամկետներն էականորեն խախտվել են, որոշ դեպքերում էլ մատակարարվել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ: Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկելու համար ստուգումներ եւ փորձաքննություններ են նշանակվել:

Կես տարվա ընթացքում հայ-թուրքական սահմանի Արտաշատի հատվածում մեկ տասնյակից ավելի սահմանախախտ է ձերբակալվել: Ամփոփելով առաջին կիսամյակի տվյալները՝ Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ Յուրի Ուրվանովը նշել է, որ սահմախախտների մեծ մասն Աֆղանստանի քաղաքացիներ են եղել, մի քանիսն էլ՝ Բանգլադեշի քաղաքացիներ: Նախորդ տարվա համեմատ, 2018-ին ապօրինի սահմանահատման դեպքերն ավելացել են: Ուրվանովը ենթադրում է, որ սա կապված է տարածաշրջանային հակամարտությունների հետ: Ինչ վերաբերում է թմրանյութերի շրջանառությանը. սահմանի այս հատվածում նման դեպքեր չեն եղել:

Այնթափ գյուղից 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետանալուց երկու ամիս է անցել: Ոստիկանության, ԱԻՆ ծառայողների եւ կամավորների տեւական որոնումներն արդյունք չեն տվել: Աուտիզմ ունեցող 14-ամյա տղան տանից դուրս է եկել հունիսի 8-ին ու չի վերադարձել: Առաջին օրերին պարբերաբար տեղեկություններ էին ստացվում, որ Հայկին նկատել են տարբեր քաղաքներում, սակայն նրան գտնել այդպես էլ չհաջողվեց: Երեխայի անհետացումից տասն օր անց Արարատի մարզի դատախազությունը սպանության հոդվածով քրեական գործ է հարուցել:

Վրաստանի ափերին առաջիկա օրերին լողալն արգելվում է. օգոստոսի 9-ին ծովում 4-5 բալանոց փոթորիկ է սպասվում: Տեղական աղբյուրների համաձայն՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 1.5-ից 3 մետրի: Սեւ ծովի ափին բոլոր փրկարարական աշտարակներում արդեն կարմիր դրոշներ են տեղադրված: Փրկարարները հանգստացողներին կոչ են արել չանտեսել արգելող նշանները, ինչպես նաեւ հետեւել անվտանգության կանոններին:

Օգոստոսի 9-ին դոլարն ու եվրոն շարունակել են ամրապնդել դիրքերը: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 558, ռուբլունը՝ 7 դրամ 32 լումա, ֆունտինը՝ 621 դրամ:

Օգոստոսի 10-11-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ