News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ռեստորանների նկատմամբ հարկային քաղաքականության փոփոխությունը դառնում է օրվա ամենաթեժ թեմաներից մեկը: 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած հարկման նոր կանոններով հանրային սննդի օբյեկտները պարտավոր են 6 տոկոս շրջանառության հարկ վճարել, ընդ որում՝ 1,5 տարի հետո հարկը կբարձրանա մինչեւ 10 տոկոս: Ի պատասխան՝ ռեստորանները գներն աստիճանաբար բարձրացնում են:

Հայրենական ռեստորանատերերը համոզված են, որ շրջանառության նույնիսկ 6 տոկոս հարկը ռեստորանային ինդուստրիայի համար ուժերից վեր բեռ է: Սակայն այս հայտարարություններին արդյոք համաձա՞յն են նրանց արտասահմանցի գործընկերները: Այս հարցի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցեց ռեստորատոր եւ հասարակական գործիչ Վարդգես Արզումանյանի հետ (Ուկրաինա):

Ձեր երկրում ռեստորանների նկատմամբ հարկային քաղաքականությունն ինչպե՞ս է իրականացվում:

Բանն այն է, որ այս առումով Ուկրաինան ոչ մի բանով չի տարբերվում հետխորհրդային տարածքի մյուս երկրներից: Ո՛չ իր մտածելակերպով, ո՛չ համապատասխանաբար՝ հարկային քաղաքականությամբ: Ավելին ասեմ՝ որոշ քաղաքական գործիչներ օրինաչափություն են հայտնաբերել՝ ռեստորանների մասին որքան վատ խոսեն, այնքան իրենց վարկանիշը բարձր է:

Արդյոք գիտե՞ք, որ գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքում մատուցողները հանցագործներ են համարվում: Արդյոք գիտե՞ք, որ գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքում թեյավճարը, որը նրանք վերցնում են, եւ որոնց հետ ռեստորանը, բնականաբար, ոչ մի կապ չունի, հին, հետխորհրդային չաշխատած եկամուտ է: Ինչպես եղել է նախկինում, այդպես էլ մնացել է հիմա: Ուկրաինայի որոշ քաղաքներում մինչեւ հիմա պաշտոնյաների համար ամենաեկամտաբեր բիզնեսը ամառային տարածքների թույլտվություն տալն: Բարձրագույն իշխանության հետ շփվելու բոլոր փորձերը հանգել են պատասխանին՝ իբր «մենք ձեզ ոչ մի բանով չենք տարբերակի, կլինեք ինչպես բոլորը»: Այդ պատճառով, երբ տեղեկացա, որ Հայաստանում որոշել են ինչ-որ ձեւով կարգավորել իշխանությունների եւ հյուրընկալության ինդուստրիայի փոխհարաբերությունները, ուրախացա: Ինչ-որ մեկը պետք է սկսի:

Այսօր, ցավոք, ստիպված եմ արձանագրել, որ գրեթե ոչ մեկը չի աշխատում օրենքի տառին համապատասխան: Չի աշխատում, քանի որ դա իրատեսական չէ: Գտնում են օրենքը չխախտելով այն շրջանցելու ամեն տեսակի եղանակներ: Եվ նրանք բոլորը արմատական փոփոխությունների նախաշեմին սպասում են անկեղծ եւ ազնիվ զրույցի:

Ռեստորանի համար որքանո՞վ է մեծ շրջանառության 6-10 տոկոսի հարկման գումարը:

Դժվար է ասել, թե այն որքանով է մեծ հայկական ռեստորանների համար, դրա համար պետք է տեղյակ լինես ծախսերի կառուցվածքին: Ինձ համար ակնհայտ է մեկ բան, որ սա ամբողջ ճշմարտությունը չէ այն մասին, թե ռեստորանների կաշին որքան են քերթելու: Շրջանառությունից հարկվող տոկոսը չի չեղարկում մնացյալ բոլոր հարկերը, որոնք ռեստորանը վճարում է (ասենք՝ աշխատանքի վճարման ֆոնդից): Կարծում եմ՝ Հայաստանի պայմաններում սա առաջինը պետք է լուծել: Կարծում եմ՝ ռեստորաններին պետք է թույլատրեն աշխատանքի ընդունել անձնակազմի, որն ինքնուրույն կհայտարարագրի իր եկամուտները: Այսինքն՝ դա, այսպես ասած, թեյավճարն է, որի հետ հաստատությունը ոչ մի կապ չունի:

Հաջորդը՝ ի՞նչ կլինի ավելացված արժեքի հարկը: Ռեստորանները կվճարե՞ն ակցիզային տուրքը: Այս բոլոր հարցերին պետք է ազնիվ պատասխանել եւ ամեն ինչ հերթով ներկայացնել առաջին հերթին այն մասնագետներին, որոնք իրենց երկրի համար բարեկեցություն եւ ապագա են ցանկանում: Իսկ ես այսպես եմ հասկանում՝ այսօր Հայաստանում իշխանության են հենց այդպիսի մարդիկ: Միայն այն, որ իրարանցումը սկսվել է քառակուսի մետրից վճարելու կամ չվճարելու հարցից, ինձ այն մասին է ասում, որ այնուամենայնիվ փորձեր կան ինչ-որ մեկի բեռը դնել նաեւ ռեստորանատերերի առանց այն էլ ճկված մեջքին:

Աշխարհի երկրների մեծ մասում, այդ թվում՝ Ուկրաինայում քառակուսի մետրից հարկը վճարում են շենքերի սեփականատերերը, այն նաեւ անվանում են «հարստության հարկ»: Ռեստորանների 90 տոկոսից ավելին վարձակալած շենքերում են տեղակայված, ուստի չեմ կարծում, որ խելամիտ կլինի շենքի սեփականատիրոջ փոխարեն նրա հարկի վճարումը:

Ինձ թվում է, որ Հայաստանում տուրիստական ինդուստրիայի զարգացման համար բավական է ամրագրել շրջանառության 5 տոկոս հարկը՝ ԱԱՀ-ն եւ ակցիզային տուրքը չեղարկելու պայմանով: Արդյունքում, ինչպես արդեն ասացի, վերջապես դուրս գալ մատուցողների «պաշտպանական» գրպանից եւ թույլ տալ, որ իրենք հայտարարագրեն այն, ինչ վաստակում են: Հարկավոր է իշխանություններին բացատրել, որ սա համաշխարհային պրակտիկա է, երբ մատուցողն աշխատանքի է ընդունվում խորհրդանշական գումարով՝ գումարած թեյավճարը, որը նա վաստակում է:

Ինչպիսի՞ խնդիրների կարող է հանգեցնել այսպիսի հարկը ռեստորանային բիզնեսում, եւ արդյոք դժվար իրավիճակում չե՞ն հայտնվի փոքր եւ մարզային ռեստորանները:

Կարծում եմ, որ այս դեպքում պետք է մտածել զբոսաշրջության զարգացման մասին: Հայաստանն այն երկիրն է, որը հետխորհրդային տարածքում ամենամեծ զբոսաշրջային ներուժն ունի: Սա այն ոսկե պաշարն է, որը մինչեւ հիմա դեռ չի օգտագործվել: Իշխանությունները պետք է հասկանան, որ ռեստորաններն ու հյուրանոցները գործընկերներ կլինեն այս ոսկե պաշարը մեծացնելու գործում:

Դժվար է ասել, թե ինչ իրավիճակում կհայտնվեն փոքր կամ մեծ ռեստորանները: Հասկանալի է միայն այն, որ մի անհարմար շարժում եւ պետք է եւս 20 տարի ծախսել՝ ինչ-որ բան անելու ցանկությունը վերադարձնելու համար: Երկրորդը, ինչը ինձ համար հասկանալի է, այն է, որ քառակուսի մետրի համար հարկը 5 քառակուսի մետրանոց բազմաթիվ շաուրմայանոցներ կծներ, եւ դրանից հետո դժվար կլիներ խոսել  Հայաստանի խոհանոցի առանձնահատկությունների մասին: Իշխանությունները պետք է հասկանան ընդունվելիք որոշման ողջ լրջությունը:

Լիազորված մարմինները հայտարարում են շրջանառության 6 տոկոս հարկից սննդամթերքի եւ կոմունալ վճարումներից 3 տոկոս հարկային նվազեցման հնարավորության մասին: Մինչդեռ հայկական ռեստորանները հիմնական գնումները կատարում են շուկաներում եւ ֆերմերների մոտ, որոնք չունեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ: Արդյո՞ք ձեր երկրում ռեստորանների բոլոր գնումների համար կտրոններ են պահանջում, եթե այո, ապա ինչպե՞ս եք դուք կարգավորում այդ հարցը շուկայի վաճառողներից գնումներ կատարելու դեպքում:

Ես հասկանում եմ այս որոշման տրամաբանությունը, բայց չեմ կարծում, որ այս կերպ Հայաստանի բոլոր շուկաներում հսկիչ դրամարկղ մեքենաներ եւ քարտերի ընդունման համար տերմինալներ կհայտնվեն: Ի՞նչ ճանապարհով է գնացել Ուկրաինան այս հարցում: Մենք շատ բարձր տուգանքներ ունենք քարտն ընդունելը մերժելու համար: Զուգահեռաբար իշխանությունները բանկային հատվածի միջոցով խթանել են աշխատավարձերի ստացումը քարտերի միջոցով: Այսօրվա դրությամբ մեր որոշ ռեստորաններում քարտերով վճարումները մինչեւ 80 տոկոս են կազմում: Եվ այստեղ հարց է առաջանում. եթե գնումները միջինում 30 տոկոս են կազմում, ապա, ըստ էության, իրավիճակից դուրս գալ կարելի է, սակայն ոչ՝ ողջ մնալ եւ զարգանալ:

Ինչպես ասում են, հնարամիտ մարդը միշտ մի բան կմտածի, եւ այս իրավիճակում հայ ռեստորատորները 33 ուղի կգտնեն, թե ինչպես ամեն ինչ անել օրինականորեն, սակայն քիչ վճարել: Իսկ եթե չմտածեն, ապա նրանց կհուշի հետխորհրդային այլ երկրների փորձը, թե ինչպես չվճարել՝ չխախտելով օրենքը: Եվ հենց դրա մասին է պետք բացեիբաց խոսել իշխանությունների հետ. կա՛մ յուրաքանչյուրն ապրում է ինքն իր համար, կա՛մ բոլորս միասին գնում ենք դեպի միասնական նպատակ, սակայն ազնիվ լինենք մինչեւ վերջ, այլ ոչ թե կիսով չափ:

Հավատացե՛ք ինձ, չկա մի ռեստորատոր, որին դուր է գալիս խուսափել ինչ-որ բանից՝ ինչ-որ սխեմաներ հորինելով: Ռեստորատորը ցանկանում է ստեղծագործել եւ որպեսզի իրեն ոչ ոք չխանգարի այդ գործում:

Ինչպիսի՞ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից:

Ես, նախեւառաջ, կառաջարկեի ռեստորանային գործունեությունը լիցենզավորված դարձնել: Լիցենզիան յուրատեսակ պայմանագիր է իշխանությունների եւ բիզնեսի միջեւ: Իշխանություններն ասում են, որ, իրենց կարծիքով, այս վայրում այսքան հզորությամբ էլեկտրաէներգիայիվ, ջրով, գազով ռեստորան կարող է լինել… Խստորեն նշում է ամառային տարածքի սխեման, որի շրջանակներում նա կարող է իրականացնել իր գործունեությունը, նշում է որակյալ օդափոխության համակարգի տեղադրման հնարավորությունը: Այսպիսի լիցենզիան պետք է վճարովի եւ անժամկետ լինի:

Լիցենզիան անհրաժեշտ է, որպեսզի հետագայում, երբ ռեստորատորը դիմում է տարբեր ատյաններ (օդափոխության, գազի, էլեկտրաէներգիայի եւ այլնի թույլտվության համար), նրա կաշին չքերթեն: Եթե իշխանությունները տվել են այդ լիցենզիան, ապա պարտավորվում են տրամադրել այդ բոլոր թույլտվությունները: Միեւնույն ժամանակ, դա իշխանություններին հնարավորություն է ընձեռում վերահսկելու որոշ ձեռնարկատերերի անազնվությունը:

Եթե դու հայտարարագրված գումարը չես ներդնում եւ ամառային հարթակում պլաստիկ ծաղիկներ ես տեղադրել, օդափոխություն չես անցկացրել, հյուրերի համար հարմարավետ պայմաններ չես ստեղծել, կամ, Աստված մի արասցե, թունավորել ես հաճախորդներին անորակ սննդով, իշխանությունն իրավունք ունի խլել այդ լիցենզիան կամ ուղղակի չեղարկել այն: Այդպիսով, կստանաք բազում որակյալ եւ պատասխանատու ռեստորանների բացում, որտեղ հավասար իրավունքներ եւ մրցակցության համար հավասար մեկնարկային պայմաններ կստանաք:

Ի՞նչ դեր են խաղում ռեստորանները զբոսաշրջության եւ գյուղատնտեսության զարգացման մեջ:

Այսօր Լվովի ռեստորատորների մեծ մասը միավորված է քաղաքային իշխանությունների կողմից ստեղծված զբոսաշրջային դաշինքում: Բացի այդ, զբոսաշրջության զարգացման մի քանի աշխատանքային խումբ է ստեղծվել, որոնցում մասնակցում են շուկայի ակտիվ խաղացողները: Արդյունքն ակնհայտ է՝ ավելի քան 2.5 միլիոն զբոսաշրջիկ:

Այսօր քաղաքում զբոսաշրջության կլաստերի հիմնական խաղացողները ռեստորաններն ու հյուրանոցներն են: Վստահ եմ, որ որոշ փուլում իշխանությունները կվերադառնան իրենց հատուկ գործառույթների իրականացմանը. դա հարկերի հավաքումն է, ենթակառուցվածքներին ցուցաբերվող աջակցությունը, ավտոճանապարհների, կամուրջների կառուցումը եւ այլն, իսկ ոլորտն ինքը կանի ամեն ինչ, որպեսզի զբոսաշրջիկների հոսք լինի: Այդ զբոսաշրջիկի միջին չեկի մասին կմտածի ոլորտը, այլ ոչ թե իշխանությունները, որոնք փոխվում են ամեն 5 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ