News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկա–թուրքական հարաբերությունների սրման վրա ազդել են 3 գործոններ՝ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը եւ ԱՄՆ–ի կողմից քարոզիչ ու հասարակական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին Անկարային հանձնելուց հրաժարվելը, Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցումը, Թուրքիայի միջամտությունը սիրիական հակամարտությանը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արեւելագետ, փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան, միջամտելով սիրիական հակամարտությանը, անցել է կարմիր գիծը, որը չպետք է աներ։  

«Այնուամենայնիվ, նրանք անցան այդ կարմիր գիծը Սիրիայում՝ որոշակի ռազմական գործողություններ իրականացնելով ռուսական կողմի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում՝ աստիճանաբար անցնելով այն տարածքներ, որոնք գտնվում էին ԱՄՆ վերահսկողության ներքո»,–պարզաբանել է Հովհաննիսյանը։

Սրա հետ մեկտեղ արեւելագետը, թեեւ ոչ միանշանակորեն, բայց հաստատեց, որ քրդական գործոնը եւս կարող էր իր բացասական դերը խաղալ ամերիկա–թուրքական հարաբերությունների սրման գործում, քանի որ Վաշինգթոնը քրդերին ընկալում էր որպես տարածաշրջանում ԻՊ–ի դեմ պայքարի դաշնակից, իսկ Թուրքիան այլ կարծիքի է եւ ավանդաբար հանդես էր գալիս քրդերի դեմ։

Անկարայի եւ Մոսկվայի մերձեցման մասին խոսելով՝ Հովհաննիսյանը նշել է, որ Թուրքիայի կողմից Ս-400–ների ձեռքբերումը, ի հեճուկս ԱՄՆ–ի բացասական դիրքորոշմանը, նույնպես նշանակալիորեն ազդել է առանց այդ էլ բարդ հարաբերությունների վրա։

«Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Եթե մինչեւ վերջին պահը ԱՄՆ–ն փորձում էր բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ բանակցությունների համար Անկարա էին ուղարկել իրենց դիվանագետներին, ապա այժմ մենք հակառակն ենք տեսնում։ Արդեն Անկարան է փորձում կայունացնել ԱՄՆ–ի հետ հարաբերությունները։ Ճիշտն ասած, վերջին տարիներին չի եղել այդպիսի բան, որ Անկարան հանդես գա նախաձեռնողի դերում»,–ասել է փորձագետը։

Արեւելագետի խոսքով՝ Թուրքիայում հրաշալի հասկանում են, որ եթե իրենց հարաբերությունները ԱՄՆ–ի հետ վերջապես փչանան, ապա դա շատ ուժեղ կհարվածի թուրքերի անվտանգությանն եւ նրանց տնտեսությանը, որտեղ իրավիճակը պակաս բարդ եւ լարված չէ։

Ամփոփելով Հովհաննիսյանը շեշտել է, որ իրավիճակի այդպիսի զարգացումն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ շահերին, քանի որ իր դերն ու նշանակությունը տարածաշրջանում նկատելիորեն ավելանում է եւ դրանից պետք է միայն ճիշտ օգտվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ