News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը բխում էր Կասպիական տարածաշրջանի անվտանգության բարձրացման ցանկությունից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքագետ-միջազգայնագետ Վահե Դավթյանը:

Փորձագետի կարծիքով՝ այս կոնվենցիայի ստորագրման մասին, առաջին հերթին, հայտարարվել էր Ռուսաստանի եւ Իրանի կողմից:

«Այսինքն, երկու երկրների, որոնք այսօր առավել շատ են ներգրավված են համաշխարհային, միջազգային քաղաքականության մեջ, որը բավականին քաոսային եւ անկանխատեսելի է: Եվ հենց այս քաոսից եւ անկանխատեսելիությունից ելնելով՝ կողմերը, այնուամենայնիվ, որոշում են կայացրել, թեկուզ մասամբ, հրաժարվել որոշակի տնտեսական նախապատվություններից եւ առաջնահերթություն տալ անվտանգության հարցերին»,- պարզաբանեց քաղաքագետը:

Այդպես, ըստ Դավթյանի, Իրանը մինչեւ վերջ կասկածում էր այս փաստաթղթի ստորագրման հարցում, մասնավորապես՝ տնտեսական մասով, սակայն հետո մտափոխվեց՝ հրաժարվելով լիճը կիսելու իր մի շարք նկրտումներից եւ մոտեցումներից: Այդպես, Թեհրանը որոշեց առաջին պլան առաջ քաշել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող աշխարհաքաղաքական բնույթի խնդիրները:

Խոսելով ուղղակիորեն տարածաշրջանային անվտանգության ռիսկերի մասին՝ Դավթյանը նշեց, որ մեկը տարածաշրջանի երկրներից մեկը՝ Ղազախստանը, վերջին տարիների ընթացքում բազմիցս հրավիրել է ՆԱՏՕ-ի ԶՈՒ-ին Կասպիական տարածաշրջան Կասպից ծովի ղազախական ջրատարածքում տեղակայվելու համար:

«Այս մասին ասվել է 2014-2015 թվականին Նուրսուլթան Նազարբաեւի մակարդակով: Պարզապես, եթե այս դեպքում Իրանն ու ՌԴ-ն աշխարհաքաղաքական եւ անվտանգության հարցերն են դրել այս կոնվենցիայի առաջնային դիրքում, ապա Ղազախստանն առաջին հերթին որոշեց օգտվել այս կոնվենցիայով նախատեսված տնտեսական նախապատվություններից՝ մի կողմ թողնելով անվտանգության հարցերը եւ իր մասամբ նատոյամետ հռետորաբանությունը»,- ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը:

Այսինքն, ինչպես կարծում է հայ քաղաքագետը, կասպիական տարածաշրջանում երկու, այսպես ասած, դաշինք է ձեւավորվել: Դրանցից մեկում Ռուսաստանն ու Իրանն են, որոնք կողմ են տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը, մյուսում՝ Թուրքմենստանը, Ղազախստանը եւ Ադրբեջանը, որոնք միջազգային քաղաքականության մեջ որեւէ լուրջ դեր չեն խաղում եւ հիմնականում զուտ տնտեսական շահեր են հետապնդում՝ հետին պլան մղելով անվտանգության հիմնախնդիրները՝ ընդ որում, շարունակելով առաջ տանել իրենց հավասարակշռված քաղաքականությունն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի եւ Արեւմուտքի նկատմամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի ղեկավարների հանդիպումը, որի արդյունքում պատմական փաստաթուղթ ստորագրվեց տարածաշրջանի համար՝ Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան: Փաստաթղթի շուրջ  22 տարի աշխատանքներ էին տարվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news