News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականն այցով Կովկասում է, որպեսզի աջակցություն ցուցաբերի Վրաստանի և Ադրբեջանի փորձերին՝ ստեղծել Եվրոպայի համար ռուսական էներգիայի փոխարինող: Այս մասին գրում է Eurasianet.org կայքի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով խմբագիր Ջոշուա Կուչերան:

Ըստ նրա՝ արտաքինից սա սովորական այց է տարածաշրջան՝ էներգետիկ անվտանգության մասին շեշտադրումներով և Վրաստանին սահմանակից դե ֆակտո անկախ Հարավային Օսիա այցով: Բայց այն, որ այդ կոնգրեսականը Դեւին Նունեսն է, մի շարք դավադրությունների տեսությունների տեղիք է տվել, քանի որ վերջինը հայտնի է վերջերս նախագահ Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր գաղտնի կապերը հերքելով:

Թրամփի դեմ #resistance-ի հիմնադիր ինտերնետային հարթակը՝ Daily Kos-ը գրում է. «Ո՞ւր է ընդհանրապես Դեւին Նունեսը: Ադրբեջանում կեղծ վկաներ է հավաքում»: Մեղադրանքը կապված է ռուս-ադրբեջանցի փոփ աստղ Էմին Աղալարովի հետ, ով կազմակերպել էր Թրամփի քարոզարշավի կազմակերպիչների և մի քանի ռուսների հանդիպումը, որոնք էլ խոստացել էին ցեխ շպրտել 2016թ. նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի վրա:

Ըստ խմբագրի, եթե դա իրականում Նունեսի առաքելությունն էր, ապա նա լավ թաքցրել է այդ հանգամանքը: Եվ նրա ներկայացրած վարկածն առնվազն համընկնում է իր բազմաթիվ այլ գործընկերների ասածների հետ, որոնք տարիների ընթացքում բազմիցս նմանատիպ այցեր են կատարել: Ադրբեջանում նա հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով, ի դեպ, Աղալարովի նախկին աներն է։ Նրանք քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում բարեհաջող համագործակցության հարցեր, ինչպես հայտնում է տեղի մամուլը:

Վրաստանում նա հանդիպել է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ, ինչից հետո վերջինը թվիթերյան իր էջում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ առևտրային և տնտեսական համագործակցությունը, սերտ քաղաքական հարաբերություններին համընթաց, կզարգանա:

Կուչերան կարծում է, որ Նունեսի այցի շեշտադրումներից մեկն էլ, հավանաբար, գազի հարավային միջանցքն է, որը պետք է բնական գազ մատակարարի Եվրոպային Կասպից ծովից՝ դրանով փորձելով թուլացնել շուկայում Ռուսաստանի դերը:

«Միակ ձևը, որով վերջապես կկարողանանք Ռուսաստանին դիմակայել, նրան ասելն է, որ էներգիայի համար նրանից կախված չենք լինելու»,- Fox News-ին ասել է Նունեսը:

Կոնգրեսականը նաև անդրադարձել է Իտալիայի ընդդիմությանը և Տրանսադրիատիկ գազատարին, ինչը նա նկարագրել է որպես ռուսական քարոզչություն: Ըստ նրա՝ ռուսական քարոզչությունն իսկապես գործում է Իտալիայում, և իտալացիներին դեռևս չի հաջողվել դուրս գալ այս ծրագրից:

Խմբագրի խոսքով՝ սրանք Բաքվի սիրտը շահելու համար հնչեցրած խոսքեր են, սակայն Նունեսը նաև հայտնի է երկար ժամանակ Հայաստանին ցուցաբերած աջակցությամբ: Վերջերս նա ստորագրել է հայամետ բազմաթիվ բաց նամակների տակ, այդ թվում՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ԱՄՆ օգնության առավել մեծ փաթեթի օգտին նամակի: Նունեսը նաև ապրիլին նամակ է ստորագրել, որը Թրամփին կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տպել
Partner news