News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել: Այն, սակայն, տապալվել է: Մինչ ասուլիսի մեկնարկն «Էրեբունի պլազա»-ի բակում, որտեղ պետք է Քոչարյանը հանդիպեր լրագրողների հետ, բողոքի ակցիա է կազմակերպվել: Ակտիվիստները դժգոհել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները նաեւ ասուլիսի սրահ են ներխուժել:

Այնուհետեւ ակտիվիստները շարժվել են դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելով բողոքարկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչի որոշումը: Դատախազության ներկայացուցիչն ասել է՝ որոշումը դեռ չեն ստացել. այս ստանալուց եւ քննարկելուց հետո միայն կկարողանան Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել: Ակտիվիստները նաեւ ստորագրահավաք են նախաձեռնել երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ:

Ավելի ուշ բողոքի ակցիային եւ ասուլիսի տապալմանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը՝ տեղի ունեցածն այլախոհության բիրտ ճնշում որակելով: Այստեղ նշել են, որ ասուլիսի ընթացքում կարեւոր քաղաքական հայտարարություններ էին արվելու, բազմաթիվ հարցերի պատասխաններ էին տրվելու: Հայտարարությունում տեղի ունեցածն իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ են համարում՝ խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու եւ լրատվամիջոցների օգնությամբ հանրության հետ շփվելու հնարավորությունը:

Հայաստանում ժողովրդի իշխանություն է հաստատված եւ չկա որեւէ ուժ, որն ի վիճակի կլինի կանգնեցնել ժողովրդի իշխանության հաղթանակը: Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումից եւ բողոքի ակցիաներից կարճ ժամանակ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում օրինականության հաստատումը այլընտրանք չունի, իսկ պետության առջեւ հանցագործություն կատարած բոլոր անձինք պատասխանատվության են ենթարկվելու:

Նա վստահեցրել է, որ իր գլխավորած կառավարությունը չի պատրաստվում ուրիշների թալանը փոխարինել սեփական թալանով կամ ուրիշների գողացածն իր գրպանները տեղափոխել: Նիկոլ Փաշինյանի կրկին քաղաքացիներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, որտեղ օգոստոսի 17-ին պատրաստվում է ամփոփել պաշտոնավարման 100 օրն ու խոսել հետագա անելիքներից:

Վարդան Բոստանջյանին Ազգային ժողովում կփոխարինի Այծեմնիկ Օհանյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել եւ Բոստանջյանի մանդատը փոխանցել «Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավորին:

Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել հուլիսի 31-ին: «Ծառուկյան» խմբակցությունից հայտնեցին, որ պատճառն անձնական է. պատգամավորը երկարատեւ բուժման կարիք ունի: Սակայն մամուլում լուրեր էին պտտվում, որ Վարդան Բոստանջյանը ստիպված է եղել հրաժարական տալ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ նրան առաջադրված մեղադրանքի մասին հրապարակային կարծիք հայտնելու համար, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը պաշտոնապես դիրքորոշում չէր հայտնել:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը խորանում է: Թուրքիայի նախագահը հայտարարել է ամերիկյան արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու մասին, քանի որ, Էրդողանի խոսքով, Անկարան «տնտեսական հարձակման» է ենթարկվում:

Այդ երկրի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ չեն պատրաստվում հետեւել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին: Միաժամանակ, Չավուշօղլուն Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու սխալ քաղաքականությունից: Իսկ պատժամիջոցների հետեւանքներն արդեն զգալի են. երկար ժամանակ է՝ չի հաջողվում դադարեցնել թուրքական լիրայի անկումը. դոլարի եւ եվրոյի նկատմամբ դրա փոխարժեքը պատմական  նվազագույնի է հասել:

Երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառն ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի գործն է. Թուրքիայի իշխանությունները հոգեւորականին ձերբակալել են 2016 թվականին եւ մեղադրում են լրտեսության ու ահաբեկիչներին սատարելու համար: Անկարան հրաժարվում է Բրանսոնին Վաշինգտոնին հանձնել, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրք նախարարների նկատմամբ:

Իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել: Ողբերգական պատահարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 30-ի, մեծ թվով վիրավորներ կան: Փլուզվել է ավելի քան 1 կմ երկարությամբ կամրջի 200 մետրանոց հատվածը: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ ուժգին քամու հետեւանքով կոնստրուկցիաների թուլացումը: Ողբերգության պահին կամրջի վրա մեծ թվով մեքենաներ են եղել: Փրկարարները շարունակում են մարդկանց դուրս բերել փլատակներից եւ հոսպիտալացնել: Ջենովացի բժիշկներին օգնության են հասել նաեւ մասնագետներ հարեւան շրջաններից:

Օգոստոսի 14-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 550, ռուբլունը՝ 7 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 617 դրամ:

Օգոստոսի 15-ին հանրապետությունում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 20.09.2018
Կառավարության շենքի առջեւ այսօր լարված իրադրություն էր. առավոտից բողոքի ակցիա անցկացնող արծվաշենցիները փորձել են...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 19.09.2018
Հակառակորդի կրակոցից Հայաստանի զինված ուժերի զինծառայող է զոհվել...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 18.09.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում է եղել. Բակո Սահակյանի եւ բարձրաստիճան զինվորականների հետ առաջնագիծ է այցելել, հետո աշխատանքային քննարկում անցկացրել...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 17.09.2018
Իրավապահները Yerevan.Today լրատվական կայքի խմբագրությունում վաղ առավոտից խուզարկություն են կատարել. գաղտնալսման սարքեր են փնտրել, ստուգել են համակարգիչները...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 14.09.2018
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը կլուծարվի. այս գործընթացի համար կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 33.292 մլն դրամ կհատկացվի...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 13.09.2018
Դատախազությունը հեռախոսազրույցի ձայնագրության դեպքով հերթական գործն է հարուցել. այս անգամ իրավապահները ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու տվյալներ են նկատել...
Ամենաշատ
Partner news