News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հին հունական իմաստություն կա, որ խորամանկությունը թշնամանք է ծնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդպես էլ չի կարողանում հասկանալ սա, մինչդեռ Թուրքիան նրա փորած փոսն է գլորվում: Այս մասին գրում է The Guardian-ի՝ արտաքին քաղաքական մեկնաբան Սայմոն Թիսդալը:

Ըստ նրա՝ հունիսին Էրդողանը պնդում էր, որ գերագույն ուժով օժտված գործադիր նախագահությունը կառավարման լավագույն ձևն է, իսկ ինքը՝ Էրդողանը, դրա լավագույն հավակնորդը: Էրդողանի ցանկությունն իրականացավ: Այժմ Թուրքիան ճգնաժամի մեջ է, իսկ ամենակարող արքա-նախագահի ձախողումը սպասվածից շուտ եկավ: Մեկնաբանի կարծիքով՝ Էրդողանն ամեն ինչ կանի, որ մեղքը միայն իր վրա չբարդվի:

«Թուրքական այս ողբերգության կենտրոնում լիրայի արժեզրկումն է»,- գրում է Թիսդալը՝ հավելելով, որ թուրքական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ ավելի քան 40%-ով նվազել է: Սրա հետևանքով հավելյալ պարտքեր և գնաճ է առաջանում՝ խնդիրներ, որոնք Էրդողանը չի կարողանում լուծել: Մեկնաբանի կարծիքով՝ Էրդողանն ընտրությունները շուտ է կազմակերպել հենց այն մտավախությամբ, որ գնաճի և պակասորդի հետ կապված խնդիրները կնվազեցնեն ընտրվելու իր շանսերը: Թուրքիայում վատ տնտեսվարման հետևանքով տուժում է նաև համաշխարհային շուկան՝ ազդելով պարտատեր բանկերի, եվրոյի փոխարժեքի և Ասիայից մինչև Աֆրիկա տարածվող նոր զարգացող տնտեսությունների վրա:

Այս խառնաշփոթը համատարած է, իսկ Թուրքիայի խնդիրները ճյուղավորվում են դեպի աշխարհաքաղաքական և ռազմավարական ոլորտներ: Երկիրը գտնվում է երկու կայսերապաշտ գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: 2003 թվականին իշխանության գալով՝ Էրդողանը փորձում էր նրանց իրար դեմ տրամադրել, որը երբեմն նրան հաջողվում էր: Այժմ նրա վարած քաղաքականության մեջ եղած բազմաթիվ հակասությունները հատվում են Սիրիայի, Իրանի, ՆԱՏՕ-ի և արդեն իսկ իր հետ լարված հարաբերություններ ունեցող Եվրոպայում դեպքերի զարգացման հետ, ասում է մեկնաբանը:

Ընդհանուր պատկերն այն է, որ Թուրքիան հայտնվել է մի քանի քարի արանքում: Մինչդեռ Էրդողանը չի կարող խուսափել քաղաքական պատասխանատվությունից, սակայն ամեն կերպ փորձում է դա անել՝ ինչ-որ արտաքին դավադիր ուժերի մեղադրելով լիրայի արժեզրկման մեջ: Նա ԱՄՆ-ին մեղադրում է մեջքից հարված հասցնելու մեջ: Թիսդալի խոսքով՝ նա կրկին հերքում է ամեն ինչ և, մեխանիկորեն հենվելով ազգայնականության, հավատի և օտարականների հանդեպ վախի վրա, փորձում է ցրել իր հասցեին հնչող քննադատությունը:

Մեկնաբանի կարծիքով՝ Էրդողանն այնպես է կառչել իշխանությունից, որ առայժմ պետք չէ սպասել նրա մոտալուտ հեռանալուն: Խորհրդարանը վերածվել է անլեզու խոսքի ցուցահանդեսի, իր սխալները՝ ճգնաժամային տնտեսության վիճակը թեթևացնելու համար տոկոսադրույքների բարձրացումից հրաժարվելը և իր փեսային ֆինանսների նախարարի պաշտոնում կարգելը, չեն ուղղվել: «Նրա հանդգնությունը Թեթչերին էր հատուկ»,- գրում է հեղինակը:

Թուրքիայի միջազգային մեկուսացումն ու ճգնաժամն ավելի են խորանում: Թիսդալի կարծիքով՝ սխալ է հարցնելը, թե համակողմանի շրջափակման և ներքին ձախողման պարագայում Թուրքիային ո՞վ կփրկի ինքն իրենից: Նա առաջարկում է պարզել, թե ո՞վ կարող է Թուրքիան փրկել Էրդողանից: Իսկ դա, ըստ նրա, կարող են անել միայն թուրքերը: Սակայն երկար ժամանակ կպահանջվի՝ այդ դժվարին գործը գլուխ բերելու համար, ինչին կհետևի ներքին և միջազգային իրարանցումը: Ինչպես հունական դիցաբանության մեջ Իկարուսը՝ Թուրքիայի դյուրագրգիռ առաջնորդը ևս մեծ անկում պետք է ապրի:

Տպել
Partner news