News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը այսօր՝ օգոստոսի 16-ին, ներկայացրեցին նոր ծրագիր, որի շրջանակներում 1-12-րդ դասարանցիների համար կներդրվի աբոնեմենտային համակարգ։

«ՀՀ ողջ տարածքի 1-12-րդ դասարանցիների համար կներդրվի աբոնեմենտային համակարգ, որի շնորհիվ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա մեկ անգամ անվճար այցելել երեքական մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն: Կարեւոր ենք համարում 30 տարի անց աբոնեմենտային համակարգի վերագործարկումը ամբողջ հանրապետությունով մեկ»,-ասաց Լիլիթ Մակունցը։

Մշակույթի նախարարը հայտնեց՝ այդպիսով խնդիր են դնում մշակութային հաստատությունների միջեւ մրցակցություն սահմանել. «Կարող է թվալ, որ մեկ ուսումնական տարվա ընթացքում 3 մշակութային հաստատություն անվճար մուտք գործելը այնքան էլ մեծ թիվ չէ երեխաների համար, սակայն լրացուցիչ ֆինանսների առումով, որոնք պահանջվում են պետությունից, քիչ չեն։  Խնդիր ենք դնում մշակութային հաստատությունների միջեւ մրցակցություն սահմանել։ Այսինքն աբոնեմենտային համակարգը պարտադիր չի գրելու դպրոցի տնօրենը, որ երեխաները պետք է պարտադիր կերպով այցելեն այս կամ այն մշակութային հաստատություն»։

Նրա խոսքով՝ ծրագիրը գործարկվելու է հոկտեմբերին, այն պիլոտային ծրագիր է, որովհետեւ ընթացքում «կտեսնենք՝ ինչպիսի խնդիրներ են առաջանում, որոնց նկատմամբ ճկունություն կդրսեւորենք եւ լուծումներ կառաջարկենք»։

Մակունցը հավելեց, որ նպատակ ունեն կրթական ծրագրերը կապել մշակութային հաստատությունների կողմից առաջարկվող ցուցադրությունների, ներկայացումների հետ։

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ պատրաստվում են հրապարակել բոլոր ներկայացումների, պատկերասրահների, թանգարանների, համերգասրահների, համերգների ցանկը։Նա կոչ արեց ուսուցիչներին թեմաները ներկայացնելիս կապել ցանկում եղած իրադարձությունների, հաստատությունների հետ։

Նա հաղորդեց, որ նախագծի համար նախատեսել են 400 մլն դրամ եւ շատ են կարեւորում, որ երեխաները հաղորդակից լինեն մշակույթին, «եւ հիմա պետությունը նման հնարավորություն է ստեղծում, եւ մոտ 350 հազար աշակերտ երեքական հաստատություն կկարողանա անվճար այցելել ուսումնական տարվա ընթացքում»: 

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախնական պայմանավորվածություն ունենք նաեւ dasaran.am կայքի հետ, որտեղ մշակութային հաստատությունների միջոցառումների ամբողջ ցանկը ներկայացված կլինի, եւ գուցե հենց այդ կայքի միջոցով աշակերտները կարողանան տվյալ ներկայացման կամ համերգի համար ամրագրել իրենց տեղը։ Նա հավաստիացրեց, որ մարզերի դպրոցականների տեղափոխման հարցը խոստացել են լուծել մարզպետարանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ