News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես երբեք չեմ խուսափել բանակցություններից: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է առնվազն ղարաբաղյան օրակարգով Նիկոլ Փաշինյանի հետ խոսել՝ որպես տարիների փորձառություն ունեցող գործիչ:

«Իհարկե՝ պատրաստ եմ: Ե՞րբ եմ ես խուսափել բանակցություններից, երբեք չեմ խուսափել: Այդ համարձակությունը պետք է ունենաս, գնաս, քեզ վրա վերցնես պատասխանատվությունը եւ փորձես հաջողության հասնել, ոչ թե նապաստակի պես փախչել»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը դժվարանում է գնահատել Արցախյան բանակցությունների ներկա իրավիճակն ու Արցախի շուրջ տիրող մթնոլորտը, սակայն կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ինչ-որ չափով ազդեցություն ունենում են Արցախում. «Պարզ է՝ ինչ կատարվել է Հայաստանում, որոշ չափով ազդեցություն է ունեցել Ղարաբաղում: Եվ այդ իրադարձություններին արձագանքեց նաեւ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Չեմ կարծում, որ լրիվ նույն գործընթացներն են, որովհետեւ Ղարաբաղի իրավիճակն էապես տարբերվում է Հայաստանի իրավիճակից, բայց որոշ նմանություններ, իհարկե, այստեղ կան: Չեմ ուզում որակումներ տալ, քանի որ նաեւ վերջերս չեմ եղել Ղարաբաղում եեւ իրականում դժվար է գնահատել: Միգուցե պետք է հանդիպել Բակո Սահակյանի հետ, ուրիշների հետ՝ առաջին ձեռքից հասկանալու համար՝ ի՞նչ է, այնուամենայնիվ, կատարվում»:

Որպես տարիներ շարունակ բանակցային պրոցեսում ներգրավված անձ՝ ինչպե՞ս է գնահատում ներկա մթնոլորտը՝ ճակատից սկսած մինչեւ դիվանագիտություն հարցին էլ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Բավական պրոբլեմային է: Չի կարող Հայաստանի առաջին դեմքն ուղղակի մի կողմ քաշվել ու ասել՝ ես գործ չունեմ, լվանում եմ ձեռքերս... Դուք կտեսնեք, որ գնալու է բանակցելու եւ այդպիսի հայտարարություն արդեն արել է: Դա գալիս է անփորձությունից եւ գալիս է նրանից, որ լավ չէին պատկերացնում՝ ինչ է այդ գործընթացը, ինչ է նշանակում բանակցային գործընթացից հրաժարվելը եւ դրա հետեւանքները: Ամենից վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը. դա պարզ ճշմարտություն է: Եթե դու հրաժարվում ես բանակցել եւ ընդհանրապես չկան բանակցություններ, ուրեմն պատերազմը միակ լուծումն է»:

«Ընդդիմության շատ կարեւոր ֆունկցիան է՝ հուշել իշխանություններին, բարձրացնել այլ կարծիք: Եթե ուզում ես մի բան սովորել, պետք է շփվես մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե մի տեղ միշտ հավաքվում են նույն մտածողությունն ունեցող մարդիկ, մեկը մեկից ոչ մի բան չի սովորելու»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ