News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես եղել եմ տասը տարի նախագահ Հայաստանում, Ղարաբաղում, ես, կոպիտ ասած, ժամանակ չեմ ունեցել քիթս մաքրելու, որտեղի՞ց է այդ ժամանակն այսօրվա իշխանավորներին, որ երեք օր է՝ միտինգի նախապատրաստությամբ են զբաղվում: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքին:

«Մարդիկ զբաղվում են նրանով, ինչից հասկանում են, այսպես ասենք՝ իրենց կոմֆորտային գոտին սա է: Մարդ միշտ ձգտում է իրեն տեղափոխել այն ոլորտ, որից ինքն ինչ-որ բան է հասկանում: Այն, որ ասում են՝ երեխային մուրճ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու: Չի կարելի, իրենք պետք է զբաղվեն առաջին հերթին իրենց գործով, ամեն մեկը»,- հավելել է ՀՀ երկրորդ նախագահը:

Դիտարկմանը, թե վաղը Հանրապետության հրապարակում, հավանաբար, մեծաքանակ հանրահավաք կլինի՝ փաստելով, որ ներկա իշխանությունը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ժողովրդի ճնշող մեծամասնության լիակատար աջակցությունն է վայելում, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, թե եթե հանրահավաքին 100 հազար մարդ մասնակցի, դա դեռ ճնշող մեծամասնություն չէ:

«Թող հանրահավաքին հավաքվի 100 հազար մարդ: Դա ճնշող մեծամասնություն չէ: Հնարավորություն տանք ուրիշ կարծիքների, ուրիշ մարդկանց, որ չեն ընդունում այս մոտեցումը, հնչեցնել իրենց կարծիքը, ինչի՞ց են վախենում: Եթե դուք ասում եք՝ մեծամասնություն է 100 հազարը, Հայաստանում այսօր ամենաշատը 190 հազար մարդ պետք է լինի: Կարծում եմ, որ այդպես չէ: Էն գլխից դուք արդեն ընդունել եք մի քանի թեզ, որն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նրա կարծիքով՝ այսօր կա մի զանգված, որը շատ ակտիվ է, բայց դա չի նշանակում, որ այդ զանգվածը մեծամասնություն է. «Այդ զանգվածն այնքան ակտիվ է եւ ագրեսիվ, որ չի թողնում ուրիշներին խոսել: Չեն թողնում, որ ուրիշները հնչցնեն իրենց ձայները, եւ ես դիմում եմ այդ ուրիշ մարդկանց՝ լինել ավելի համարձակ, իրենց ձայնն իրենք իրավունք ունեն հնչեցնելու եւ իրավունք ունեն մասնակցելու քաղաքական կյանքին»:

Նախկին նախագահը նաեւ սխալ է համարում պետական կառավարման համակարգից հին, փորձառու կադրերին հեռացնելը:

«Ինստիտուցիոնալ հիշողություն հասկացողություն կա. ոչ թե միայն նախարարներին են փոխել, փոխնախարարներին, վարչության պետերին, չեն թողել մարդկանց, ումից կարելի է սովորել, այդ շղթան՝ նորի ու փորձառուի շղթան, պետական համակարգում խախտված է: Սա դասական հեղափոխական մոտեցում է, որ մենք եկել ենք, ով  մերոնքական չի, պետք է դաշտը մաքրել, մերոնքականին բերենք: Նույնը արել է ՀՀՇ-ն ժամանակին: Օրինակ՝ ես նման բան չեմ արել, որովհետեւ փորձը պետական համակարգում կարեւորագույն հարց է եւ պետք է ճիշտ համադրություն գտնել, պետք է միշտ թարմացվի, բայց նորերի եւ փորձառու մասնագետների ճիշտ պրոպորցիան պետք է գտնել բոլոր ոլորտներում»,- եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ