News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր չկա տնտեսական քաղաքականություն, կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նոր կառավարության տնտեսական քաղաքականության եւ երկրի տնտեսական վիճակի մասին հարցին:

«Չկա տնտեսական քաղաքականություն: Ես որեւէ փաստաթուղթ չեմ հանդիպել, որից կարող եմ եզրակացություն անել, թե ինչ է ուզում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում: Չկա էդպիսի փաստաթուղթ: Տնտեսական քաղաքականություն Հայաստանում չկա: Կա կարգախոս՝ պայքար կոռուպցիայի դեմ, ինչը շատ լավ է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական քաղաքականություն չէ, եւ միայն բռնելով չեն պայքարում կոռուպցիայի դեմ, դա կոռուպցիայի դեմ պայքարի մի փոքր կտորն է»,- կարծում է Ռոբերտ Քոչարյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե «ինչի կպնում են՝ այդ կոռուպցիան կա», ՀՀ երկրորդ նախագահն արձագանքել է. «Ես չեմ ասում, որ կոռուպցիա չկա: Կոռուպցիա Միացյալ Նահանգներում էլ կա, Ֆրանսիայում էլ կա, այլ ծավալի: Բայց կոռուպցիայի դեմ պայքարը միայն մարդկանց բռնել-բաց թողնելը չի, միայն դիմակներով մտնել, ուժ ցուցադրելու գործունեություն չի: Առաջին հերթին ընթացակարգերի, թափանցիկության, բազմաթիվ այլ հարցերում լուրջ քայլեր պետք է անել, բայց, այնուամենայիվ, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարելի փոխարինել տնտեսական քաղաքականությամբ: Իսկ այսօր տնտեսական քաղաքականություն գոյություն չունի»:

Ըստ Քոչարյանի՝ այսօր արդեն բոլորը բողոքում են, որ գներն աճել են, ժողովուրդը սկսել է ավելի վատ ապրել: Նա նաեւ համաձայն չէ տեսակետին, թե կարեւորը մթնոլորտն է, կարեւորը, որ սրան-նրան բռնում են: «Ուրեմն թող ապրեն այդ մթնոլորտում: Երբ սառնարանում վիճակը շատ ավելի կվատանա, այդ դեպքում մի հատ կլսենք ժողովրդին»,- հայտարարել է Քոչարյանը:

Նա, ամեն դեպքում, հույս է հայտնել, որ երկրում տնտեսական քաղաքականություն կծնվի, քանի որ առանց հստակ տնտեսական քաղաքականության լուրջ ներդրումներ չեն լինելու:

«Կարող է՝ մեկը գա՝ ինչ-որ մի կրպակ բացի կամ փողոցային առեւտուր սկսի... Որեւէ լուրջ ներդրում չի լինելու այս երկրում, մինչեւ ներդրողը չհասկանա, թե այս կառավարությունն ի՞նչ կարգի տնտեսական քաղաքականություն է իրականացնում, ի՞նչ մտադրություններ ունի կամ բիզնեսին ո՞նց է վերաբերվելու, սպեցնազո՞վ է ստուգումներ անելու, թե՞ ցիվիլ տարբերակով: Այդպիսի բան, ի միջի այլոց, չի եղել իմ ամբողջ պաշտոնավարման ժամանակ, եւ վերջին տասը տարիների ընթացքում: Հիմա գործարարը պետք է մտածի, որ մի օր էլ իր գլխին են կանգնելու»,- հավելել է նախկին նախագահը:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նաեւ անդրադարձել է «բիզնեսից 50 տոկոս վերցնելու» մասին խոսակցություններին: Ասել է՝ դեռ ոչ մի նման դեպք չի ապացուցվել. «Քանի՞ ամիս է անցել, քանի՞ գործ կա 50 տոկոսը վերցնելու ապացուցված: Կանցնի երեք ամիս էլ, կանցնի մեկ տարի: Վերջապես հարցնելու են, չէ՞, ո՞ւր է Սաշիկի 50 տոկոսները, օրինակ: Ես չգիտեմ՝ իրականում ի՞նչ պատկեր է, տասը տարի այս ոլորտում չեմ եղել, ես քննադատող դերում եմ եղել, ինքս ինձ ընդդիմություն չհռչակած, բայց ընդդիմադիր դիրքերից էի հանդես գալիս տնտեսական ոլորտում: Ես տեղեկություններ չունեմ դրա մասին, բայց մինչեւ հիմա դրա մասին որեւէ փաստ չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ