ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե՛ մեղադրող, թե՛ պաշտպանական կողմը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նա ասաց, որ դատախազությունը նույնպես ստացել է Վերաքննիչի որոշումը, եւ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ հայտարարել էր, որ իրենք նույնպես դիմելու են ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած մյուս 2 հիմքերի մասով: Վերաքննիչ դատարանը Քոչարյանի խափանման միջոցը փոխել էր՝ հիմք ընդունելով ՀՀ երկրորդ նախագահի նաձեռնմխելիությունը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է:

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, սակայն մի խումբ ցուցարարներ տապալեցին այն: