News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

100 օր առաջ հայ ժողովուրդը հաղթանակեց։ 100 օր առաջ եւ ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ես եկա եւ ասացի ձեզ, որ դուք հաղթեցիք, եւ ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի վարչապետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաղթանակն այն է, որ դուք եք որոշել՝ ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ սրսնից հետո, ընդմիշտ դուք եք որոշելու, թե ով լինի Հայաստանի վարչապետ։ 100 օր առաջ ձեր կամքը հաղթեց, եւ միջազգային հանրությունը մինչեւ օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպես եւ ինչու։

Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ այսպիսի ժողովրդական զարթոնք։ Բոլորը ելնում էին այն կանխավարկածից, որ Հայաստանը վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ։  Նաեւ այդ պատճառով է տեղի ունեցածը բացառիկ։ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց երկրի վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն, եւ այս ամենը իրականություն դառնա առանց մի կրակոցի, բռնության եւ զոհի։ Եվ հիմա աշխարհի վերլուծաբանները ջանք չեն խնայում՝ հասկանալու, թե ո՞րն է այն գործոնը, այն հզոր ուժը, որ հնարավոր դարձրեց իրադարձությունների նման զարգացումը։ Ոմանք այդ գործոնները փնտրում են Արեւմուտքում, ոմանք՝ Հյուսիսում, բայց հիմա այս ամբիոնից ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ եւ հզոր այն ուժը, որ հնարավոր դարձրեց այդ իրադարձությունը, հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին, Սփյուռքի հայությունը, աշխարհի վրա ապրող յուրաքանչյուր հայ։ Այս ֆոնին, սակայն, ուզում եմ նշել, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձեւով, այլեւ իր բովանդակությամբ։

Ոմանք գուցե չեն նկատել, որ Հայաստանի վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժերի բաշխվածության կամ խորհրդարանական որեւէ ուժի ներկայացուցիչ է, կամ խորհրդարանական որեւէ կոմբինացիայի ներկայացուցիչ է, այլ Հայաստանի վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի կամքի անմիջական ներկայացուցիչն է։  Հայաստանում տեղի է ունեցել կառավարման ձեւի դե ֆակտո փոփոխություն։ Հայաստանում հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է համարել ուղիղ ժողովրդաիշխանություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ