News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում անձամբ ինձ եւ ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում բազմաթիվ դիմում-խնդրանքներ՝ նախկինում որոշակի ժամկետով, ինչպես նաեւ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերանայման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսպես, քրեական գործերի վերանայումն իրենից ներկայացնում է օրենքով սահմանված որոշակի հստակ ընթացակարգ, որն ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ գործերի վերանայման միակ ընթացակարգը՝ Օրենսգրքով նախատեսվածն է, որտեղ նաեւ բացակայում է որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատական ակտերի վերանայման ընթացակարգի որեւէ տարանջատում:

Օրենսգրքով, որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման հիմք սահմանված են (1) նոր երեւան եկած (նոր փաստ) կամ (2) նոր հանգամանքների (ՄԻԵԴ կամ ՍԴ դատական ակտ) ի հայտ գալը, ինչպես նաեւ (3) այն բացառիկ դեպքը, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Ընդ որում, Օրենսգրքով հստակ նախատեսված է, որ վերանայման իրավասությամբ օժտված են միայն վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանները, ինչպես նաեւ սպառիչ սահմանված է վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, որտեղ, իրավացիորեն, ներառված չեն գործադիր իշխանության մարմինները, ներառյալ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը եւ նախարարը:

Իսկ ես իրավասու եմ կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված եմ Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ամփոփելով գտնում ենք, որ վերոգրյալ երեք հիմքերով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակում գործադիր իշխանության մարմնի ներկայացուցիչներին (այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարին) չներառելը բխում է կողմերի հավասարության, մրցակցության, դատական մարմինների անկախության սահմանադրական սկզբունքներից, որն իր հերթին հանդիսանում է իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտ նախապայման եւ արդար դատաքննության իրավունքի հիմնական երաշխիքը»

Տպել
Ամենաշատ