News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ողջունում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քայլերը հոգեբուժական կազմակերպությունների ոլորտում:

Այս առնչությամբ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝

հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձեւ․

մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության եւ սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը եւ այլն․

թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացվել են հոգեբույժի մասնագիտության առավելությունների եւ գործառույթների վերաբերյալ իրազեկումներ․

մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ, հիգիենիկ եւ այլ անհրաժեշտ պարագաներ։

Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է Առողջապահության նախարարի նախաձեռնած քայլերը զեկույցում տեղ գտած խնդիրների վերացման ուղղությամբ: Պաշտպանը կշարունակի ձեռնարկել հետեւողական քայլեր այդ խնդիրների լուծմանը նպաստելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցերի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում արձանագրել է կոպիտ խախտումներ: Մասնավորապես, առանց իրավական հիմքերի զսպման (հարկադրանքի) միջոցների կիրառության դեպքեր, ժամկետանց դեղեր, դեղերի հսկմանն ու բացթողնամնն առնչվող՝ անփույթ, սխալ կամ ընդհանրապես չլրացված մատյաններ: Խախտումներ են արձանագրվել նաեւ պատշաճ սնունդ տրամադրելու, լաբորատոր հետազությունների միասնականության բացակայության եւ այլ հարցերի հետ կապված: Զեկույցում արձանագրված է պատշաճ վերահսկողության համակարգի, ոլորտի մարմինների միջեւ գործառութային հստակ տարանջատման բացակայությունը։

Դրանից բացի, հոգեբուժական կազմակերպություններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:

Տպել
Ամենաշատ