Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման ժամանակացույցը:
Ըստ այդմ, ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը պետք է իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեն մինչեւ օգոստոսի 29-ը, իսկ մինչեւ սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում: Կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը տեղի է ունենալու օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում:
Ընտրողների ցուցակը ոստիկանության կայքում կտեղադրվի սեպտեմբերի 3-ին՝ ներբեռնելու հնարավորությամբ: Մինչ այդ, արդեն իսկ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին է ներկայացրել Երեւանի ընտրողների թիվը, որը կազմում է 853 390 մարդ: Նշենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ այդ թիվը եղել է 841 973:
Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա հաշվի առնելով, որ այս ընտրություններն արտահերթ են, ապա քարոզարշավը կտեւի ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը:
Այս պահի դրությամբ, 9 քաղաքական ուժեր հայտարարել են, որ մտադիր են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Դրանք են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, որոնց միասնական ցուցակը կգլխավորի Արտակ Զեյնալյանը, ԲՀԿ ցուցակը գլխվարոի Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգության» ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, «Երկիր ծիրանի»-ի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ի ցուցակի կգլխավորի Արարատ Զուրաբյանը (նա ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է), «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակը կգլխավորի Մանուել Գասպարյանը, «Երեւանի հանրություն» նախաձեռնության եւ «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը եւ Ռեֆորմիստներ կուսակցության ցուցակը կգլխավորի կինոռեժիսոր Արտակ Ավետյանը:
Հնարավոր է ընտրություններինմասնակցի նաեւ ՀՅԴ-ն, որը դեռ քննարկումների փուլում է, իսկ ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցել ընտրություններին:
Հիշեցնենք, որ ըստ օրենսդրության, քաղաքական ուժերի ցուցակի առաջին հմարները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: Երեւանի ավագանին կազմված է 65 անդամից: Եթե որեւէ ուժ 50 տոկոսից ավելի քվե ստանա, այց ուժի ցուցակը գլխավարողն էլ հենց կլինի քաղաքապետը:





























