Այո, պետք է դասագրքերում փոփոխություններ արվեն. պատմությունը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է եւ այդ գրքերում զետեղված նյութերը, որոնք կորցնում են որոշակի արդիականություն, պետք է կրեն փոփոխություն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նոր իշխանությունը կարծում է, որ դպրոցում լուրջ փոփոխությունների կարիք կա, ծրագիրը պետք է փոխվի, առարկաները պետք է փոխվեն, նաեւ մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ձեւակերպումներում:
«Ես համամիտ եմ այդ փոփոխությունների հետ, դրանց մասին մենք խոսել ենք վաղուց, մանկավարժներն իրենք են այդ հարցերը բարձրացրել: Ինչ վերաբերում է մյուս առարկաների թոթափմանը, դա եւս շատ նպատակային է: Կարծում եմ՝ այո, կա լուրջ փոփոխության կարիք ընդհանրապես կրթական գործընթացի հետ կապված: Այդ փոփոխությունները միանգամից չի լինում, որովհետեւ կրթությունը երկարատեւ գործունեություն է եւ փոփոխությունները պետք է իրականացնել կամաց-կամաց, ոչ թե միանգամից: Ժամանակի ընթացքում, երբ ունենք միասնական մոտեցում, ամեն բան կկարգավորվի»,-ասաց նա:
Հարցին, թե այսինքն ամեն նոր իշխանություն պետք է սրբագրի՞ պատմությունն ու դասագրքերը, Ստեփանյանն արձագանքեց. «Ես բերեմ ոչ միայն պատմությն օրինակը: Տեխնոլոգիաները զարգանում են, բնագիտական առարկաները այսօր հետ են մղվել կրթական ոլորտից, որովհետեւ ժամանակակից փոփոխությունների հետ մեկտեղ պետք են ժամանակակից լաբորատորիաներ»: