News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սահմանախախտման հերթական դեպքը: Հայ-թուրքական սահմանի Արտաշատի տեղամասում Պակիստանի երկու քաղաքացու են բռնել: Սահմանապահ ջոկատը նրանց նկատել է դեռեւս Թուրքիայի տարածքում. մտադիր էին լողալով անցնել Արաքսը: Մի քանի ժամ անց հատել են պետական սահմանն ու փորձել թաքնվել Հայաստանի տարածքում: Կարճատեւ հետապնդումից հետո տղամարդկանց բռնել են: Ընդ որում՝ ձերբակալման ընթացքում պակիստանցիները փորձել են դիմադրություն ցույց տալ, սակայն արագորեն վնասազերծվել են եւ փոխանցվել Հայաստանի իրավապահ մարմիններին: Վերջինները փորձում են պարզել պետական սահմանի խախտման նպատակներն ու դրդապատճառները:

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Արա Բաբլոյանի հետ: Վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը խոսել են Հայաստանում խոսքի ազատության, դատարանների անկախության, «անցումային արդարադատության» ինստիտուտի մասին: Նրանք նաեւ արձանագրել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

Հանդիպման նախաձեռնությամբ հանդես էր եկել Արա Բաբլոյանը. նա մտահոգություն էր հայտնել երկրի ներքաղաքական իրավիճակի շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանին մեղադրել պատգամավորներին ճնշելու փորձի մեջ: Վարչապետն իր հերթին հայտարարել էր, որ ոչ մի ճնշում չկա, եւ կոչ արել հաշվի առնել ժողովրդի կարծիքն ու առկա իրողությունները:

Իսկ Փաշինյան-Բաբլոյան հանդիպմանն անդրադարձել է նաեւ երկրի նախագահը: Արմեն Սարգսյանը դրական է գնահատել արձանագրված պայմանավորվածությունները եւ հույս հայտնել, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:

«Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով դաշինք են կազմել: Այսօր հրավիրած հավաքին հայտնել են դաշինքի անունն ու ընտացուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնողների անունները: «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն երեւանցիների աջակցությունն է ակնկալում:

«Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները, հիշեցնենք, 2017 թվականին տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ «Ելք» դաշինքով: Այս ընտրություններին, սակայն, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին: «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է:

Վարչապետն այսօր շուկա էր գնացել: Նիկոլ Փաշինյանը փորձել է տեղում պարզել գյուղմթերքի թանկացման մասին լուրերը: Որոշ տվյալներով՝ 2017 թվականի համեմատ՝ գյուղատնտեսական արտադրանքի գները բարձրացել են միջինը 100-150 տոկոսով: Լոլիկի եւ վարունգի գներն ապշեցրել են նրան:

Վաճառականները նաեւ դժգոհել են, որ առեւտուրը, նախորդ տարիների համեմատ, այնքան էլ աշխույժ չէ: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ սուպերմարկետից են գնումներ կատարում: Բացի այդ՝ հող մշակողներն են քիչ:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը չի ցանկանում ազդել գնագոյացման վրա: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կենտրոնական բանկ է գնում. այնտեղ պատրաստվում է նաեւ գնաճի թեման քննարկել: Քննարկումից մանրամասներ դեռեւս չեն հրապարակվել:

Ամուլսարում այսօր լարված իրավիճակ էր: Հայկական բնապահպանական ճակատի տեղեկացմամբ՝ «Լիդիան Արմենիա»-ի ղեկավարությունն առավոտյան փորձել է իր աշխատակիցներին հանքի տարածք մտցնել, սակայն լեռան պահապանները թույլ չեն տվել:

«Լիդիան Արմենիա»-ի մեքենաները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը եւ հրաժարվել հանել դրանք: Իրավիճակին խառնվել են իրավապահները. նրանք 20 րոպե ժամանակ են տվել  ճանապարհը բացելու համար: Ակտիվիստներն ընկերության գործողությունները սադրանք են որակել:

Մինչ այդ, Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ դիմել է գլխավոր դատախազին՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու եւ սահմանված կարգով ընթացք տալու համար: Ամերիկաբրիտանական «Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար: Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա:

Կյանքից հեռացել է «Արարատ»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Օգոստոսի 28-ին Աբրահամյանը 73 տարեկան կդառնար: Նա տեւական ժամանակ հիվանդ էր: Ծնունդով Լենինականից Ալյոշա Աբրահամյանը 1973 թվականին «Արարատ»-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: ԽՍՀՄ առաջնությունում նա «Արարատի» կազմում 276 հանդիպում է անցկացրել: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական աշխատանքով էր զբաղվում: Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2013 թվականին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:

81 տարեկանում մահացել է ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը: Նա երկար ժամանակ բուժվում էր գլխուղեղի քաղցկեղից, սակայն օրերս հայտնել էր, որ դադարեցնում է բուժումը՝ կապված հիվանդության անշրջելի զարգացման հետ: Մաքքեյնին կհուղարկավորեն սեպտեմբերի 2-ին, Մերիլենդի Անապոլիս քաղաքում:

Սենատորի այրին աշխարհի տարբեր ծայրերից ցավակցական հեռագրեր է ստանում, իսկ Սպիտակ տունը մինչեւ հիմա պաշտոնական ցավակցական ուղերձ չի հրապարակել: Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ արդեն պատրաստ հայտարարությունն արգելել է տարածել նախագահ Դոնալդ Թրամփը: Նա որոշել է բավարարվել միայն Twitter-ում գրառմամբ: Ավելին, Թրամփին նաեւ հուղարկավորությանը չեն հրավիրել: Թրամփը թշնամացել է Մաքքեյնի հետ, քանի որ սենատորը մշտապես քննադատում էր նախագահին, այդ թվում՝ Ռուսաստանի հանդեպ, նրա կարծիքով, մեղմ քաղաքականության համար:

Ջոն Մաքքեյնի մահվան կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ 1988-1994 թվականների ազատագրական պատերազմի ժամանակ սենատորն իր աջակցությունն է հայտնել Արցախի ազատագրմանը, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցելու կողմնակիցն է եղել:

Հայաստանում է «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը: Instagram-ի ամերիկահայ աստղը եղբոր՝ Ադամ հետ Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նրանց հայրը՝ Փոլ Բիլզերյանը, նույնպես Հայաստանի քաղաքացի է. նա հայկական անձնագիր է ստացել տարիներ առաջ: Դենը նաեւ, ընթացակարգի համաձայն, հաշվառվել է Հայաստանի զինված ուժերում:

Վաղ առավոտյան Հայաստան ժամանած Բիլզերյան եղբայրներն այսօր հասցրել են նաեւ զբոսնել Երեւանի կենտրոնում, իսկ ավելի ուշ մեկնել Սեւան՝ հանգստի:

Օգոստոսի 27-ին դոլարն էժանացել է, եվրոն եւ ռուբլին՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 560, ռուբլունը՝ 7 դրամ 18 լումա, ֆունտինը՝ 620 դրամ:

Օգոստոսի 28-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ