Վրաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի վերգետնյա տրանսպորտով ցորենի, հացահատիկի ներմուծում, որի հետեւանքով տոննայի մեջ հացահատիկը կթանկանա 50 դոլարով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ես խոսել եմ տրանսպորտային ընկերությունների ղեկավարների հետ, նրանք ասում են, որ տոննայի մեջ 50 դոլար կթանկանա, եթե միայն Փոթիով գա հացահատիկը: Այնտեղ մոնոպոլ գործունեության հարց էլ կա:

Բնականաբար, դա Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություններ ենք, Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը պետք է զբաղվի այս հարցով: Ժամանակը շատ կարճ է, եթե սեպտեմբերի 15-ին այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք լուրջ խնդիրներ կունենանք: Առանց այն էլ հացը թանկացել է Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով, հիմա էլ կարող է թանկանալ արդեն Վրաստանից վերգետնա տրանսպորտով հացահատիկի ներմուծումն արգելելու հիմքով»,-ընդգծեց Մարուքյանը:

Նա կոչ արեց կապվել վրացի պատգամավորների հետ եւ փորձել հարցը կարգավորել նաեւ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում:

Մարուքյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Մենք մինչեւ սեպտեմբերի 15-ը պաշտոնական այց կունենանք Վրաստան, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանն իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ կանի, բայց կարծում եմ, որ այստեղ անելիք ունի առաջին հերթին կառավարությունը»:

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց, որ խնդիրն առկա է նաեւ հարեւան երկրում։ «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ ընդհանրապես արգելվել է այդ երկրի տարածքում բեռնատարներով ցորենի տեղափոխումը եւ դա վերաբերում է նաեւ վրացի բեռնափոխադրողներին, նրանք եւս խնդիրների առաջ են կանգնել։ Վրաստանում էլ 1 տոննայի մեջ  40 դոլարով թանկանում է հացահատիկը եւ ստացվում է, որ այնտեղ էլ անհասկանալի իրավիճակ է առաջացել». ասաց Շիրակ Թորոսյանը։ Նա տեղեկացրեց, որ զրուցել է  Վրաստանի խորհրդարանի գործընկերների հետ։  Առաջիկա նիստում այդ հարցը բարձրացնելու են, փորձելու են բացատրություն ստանալ Վրաստանի կառավարությունից, թե ինչո՞ւ են  այդպիսի որոշում կայացրել, որը թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի բեռնափոխադրողների համար շատ մեծ խնդիր է առաջացրել։