Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման հետեւանքով վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ ԲԿ-ից հայտնեցին, որ Արման Մկրտումյանը ստացել է ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածք: Մկրտումյանի վերքերը մշակվել են եւ նա հրաժարվել է հոսպիտալացվել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված եւ զինված 3 անձինք:
Գոռ Մ.-ն եւ հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հ. Ռիժենկոն եւ դեռեւս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել եւ դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ:
Հ.Ռիժենկոն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Առգրավվել են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։





























