News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ճանապարհաշինության եւ ճանապարհների վերանորոգման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը քննարկվել են այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:

Վարչապետը նշել է, որ պետությունը պատասխանատու է ենթակառուցվածքների որակի եւ բնականոն աշխատանքի համար. «Այսօր, ցավոք, ենթակառուցվածքների որակի մակարդակով չենք գտնվում այն վիճակում, որում կցանկանայինք գտնվել, բայց նաեւ հասկանում ենք, որ պետք է հնարավորինս արագ եւ արդյունավետ ջանքեր գործադրենք՝ այդ վիճակում հայտնվելու համար: Մեզ համար շատ կարեւոր է, որ ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերը էական որակական փոփոխություն ունենան՝ նախկինի համեմատ: Շատ կարեւոր է որակի վերահսկողությունը, տեխնիկական վերահսկողությունը, որպեսզի միջոցները, որոնք ծախսվում են, ծախսերը լինեն արդյունավետ այնքանով, որ այդ ճանապարհները ծառայեն բավարար չափով եւ ծառայեն այնքան, որքան նախատեսված է դրանց տեխնիկական կանոնակարգերով»:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը կառավարության ղեկավարին զեկուցել է 2018թ. ՀՀ պետբյուջեով միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների հիմանորոգման աշխատանքների մասին. նրա խոսքով՝ ոլորտի այս տարվա բյուջեն 6.4 մլրդ դրամ է, որով նախատեսված էր կառուցել 66 կմ ճանապարհ, բայց տնտեսման արդյունքում մինչեւ տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի, եւ ընթացիկ ծրագրերը կատարվելու են ողջ ծավալով: Նախարարը վարչապետին զեկուցել է նաեւ, որ արդեն իսկ մեկնարկել են Տավուշի մարզի Ջուջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի  հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են մեծ թափով եւ ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ:

Հակոբյանի խոսքով՝ պետբյուջեով առաջացած խնայողությունների հաշվին նախատեսվում է մինչեւ տարեվերջ իրականացնել հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքներ, ինչպես նաեւ սկսել հաջորդ տարվա շինաշխատանքների նախագծերի կազմման գործընթացը: Զեկուցվել է նաեւ միջհամայնքային նշանակության եւ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերականգնվող ճանապարհների շինաշխատանքների վերաբերյալ:

Վարչապետը, կարեւորելով խնայված ռեսուրսների հաշվին մինչեւ 2018 թ. ավարտը նախատեսվածից ավելի շատ ճանապարհահատվածների նորոգումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ եւս մեկ անգամ ուսումնասիրել այդ շրջանակի ընդլայնման հնարավորությունները եւ լրացուցիչ միջոցներն ուղղել այնտեղ, որտեղ կան պատրաստի ճանապարհաշինական նախագծեր:

Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության ճանապարհային ցանցի պահպանմանը, սպասարկման մեխանիզմներին, որակական եւ տեխնիկական չափանիշների հստակեցմանը, մրցույթների պայմաններին, գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարեւորել է որակական ու տեխնիկական հստակ բնութագրերի սահմանումը եւ հանձնարարել է պատասխանատուներին՝ համատեղ քննարկել ու ներկայացնել ընդհանուր լուծումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ