Սեւանա լճից 40 մլն խորանարդ մետր ջրի լրացուցիչ բացթողումը Հայաստանի բյուջեն կհամալրի 600-700 մլն դրամով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ամփոփելով իր գործունեության 100-օրը:
Նրա խոսքով՝ կառավարությունում այս հարցի քննարկման ժամանակ առաջարկներ են հնչեցվել գումարը լճի խնդիրների լուծմանը կամ ոռոգման համակարգի արդիականացմանն ուղղելու վերաբերյալ:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ նախորդ տարվա լրացուցիչ բացթողումների արդյունքում ստացված 1.645 մլրդ դրամը դեռ չի ծախսվել: Նա համոզված է, որ այդ միջոցները եւս կօգտագործվեն Սեւանի խնդիրների լուծման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի բարելավման համար:
Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա լրացուցիչ բացթողման արդյունքում ստացված 1.645 մլրդ դրամը դեռ չի ծախսվել: Նա համոզված է, որ այդ միջոցները եւս կօգտագործվեն Սեւանի խնդիրների լուծման, ինչպես նաեւ ոռոգման համակարգի բարելավման համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրի մասին» օրենքի նախագծում փոփոխությունների կատարումը, որով նախատեսվում է լճից ջրի բաղթողումը տարեկան 170 մլն խորանարդ մետրից ավելացնել մինչեւ 210 մլն խորանարդ մետր:
2017 թվականին ջրի բացթողումների ծավալն ավելացվել է 100 միլիոն խորանարդ մետրով՝ օրենքով նախատեսված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն:




























