News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փորձագետների գնահատականներով առաջիկա մի քանի տարիներին Հայաստանը կարող է արեւային էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային առաջատար դառնալ:

Արագ փոխհատուցվելիությունը եւ ցածր ռիսկերը այս ոլորտը ներդրումների համար չափազանց գրավիչ են դարձնում, իսկ արեւային ռեսուրսի ավելցուկը մեծացնում է այս տեխնոլոգիաների մատչելիությունը:

Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացման հեռանկարների եւ առկա խնդիրների մասին News.am- ի հետ զրույցում պատմում է THE OHM ENERGY ընկերության տնօրեն Սեւակ Գեւորգյանը:

Որքա՞ն ակտիվ է Հայաստանում զարգանում արեւային էներգետիկայի ոլորտը

Հայաստանում արեւային էներգետիկայի ոլորտը ակտիվ տեմպերով է զարգանում: Եթե 2017-ի առաջին ամիսներին ներդրողները դեռ ուսումնասիրում էին արեւային էներգետիկայի ոլորտը, ապա արդեն անցյալ տարվա երկրորդ կեսից մոտ 400 արեւային կայաններում ներդրումներ են կատարվել: Իսկ այս տարվա փետրվարին տեղադրվել են 2.8 ՄՎտ հզորությամբ արեւային կայաններ:

Ես կարող եմ սխալվել, բայց անցյալ տարվա երկրորդ կեսին Հայաստանում արեւային էներգետիկայով զբաղվում էին առավելագույնը 10 ընկերություններ: Այսօր դրանց թիվը հասնում է մինչեւ 40-ի: Վերականգնվող էներգետիկան ինքնին գրավում է ներդրողներին: Արագ փոխհատուցվելիության պատճառով մենք արեւային էներգետիկայի բարձր պահանջարկ ենք նկատում նաեւ իրավաբանական անձանց շրջանում:

Մեզ հետ զրույցում գերմանական AESolar՝ արեւային վահանակների խոշոր արտադրողի ներկայացուցիչները խոստովանում էին, որ դեռ վերջերս Հայաստանն անգամ չէր դիտարկվում արեւային էներգետիկայի ոլորտում որպես բիզնեսի զարգացման տարբերակ: Սակայն այսօր իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանն այդ ոլորտում գրավիչ է դառնում շատ օտարերկրյա ընկերությունների համա:

Ի՞նչն է, ըստ ձեզ, Հայաստանը գրավիչ դարձնում արեւային էներգետիկայի զարգացման համար

Հանրապետությունում  լավ պայմաններ կան արեւային էներգետիկայի զարգացման համար, այդ թվում, կլիմայի տեսանկյունից: Այսպիսով, միջին հաշվով երկրում մոտ 300 արեւային օր կա, ընդ որում արեւային ճառագայթման ինտենսիվությունը միջինում 1,3-1,5 անգամ բարձր է եվրոպական երկրների համեմատ: Բացի դրանից, Հայաստանում նկատվում է օդի բարենպաստ ջերմաստիճան, որը ազդում է արեւային վահանակների ՕԳԳ-ի (օգտակար գործողության գործակից)  վրա:

Ապացուցված է, որ օդի աղտոտումը նվազեցնում է արեւային էներգիայի արտադրությունը: Հայաստանում մթնոլորտային օդի մաքրության մակարդակը, ինչպես նաեւ արեւային կայանների կառուցման համար ազատ տարածքների առկայությունը կարող է նպաստել արեւային էներգիայի զարգացմանը:

Մեկ այլ անվիճելի առավելությունն այն է, որ, ի տարբերություն շատ երկրների, Հայաստանը սահմանել է արեւային էներգիայի սակագներ: 2016 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված որոշման համաձայն, սակագինը կազմում է 42,645 դրամ / կՎտժ՝ առանց ԱԱՀ:

Իհարկե, պետք է նվազեցնել արեւային էներգիայի սակագինը: Մինչդեռ, իմ կարծիքով, ներդրողների համար ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու համար սակագինը չպետք է 30 դրամ/կՎտժ-ից ցածր լինի՝ առանց ԱԱՀ-ի:

Արեւային էներգիան տնտեսության ոլորտի զարգացման կարեւորագույն ուղղությունն է:

Այսօր սա էներգետիկայի ոլորտում շատ գրավիչ բիզնես է, որտեղ կարճ ժամանակում ներդրումները արդարացվում են: Օրինակ, ֆիզիկական անձանց համար, երբ խոսքը վերաբերում է փոքր հզորությամբ արեւային կայանին, փոխհատուցվելիությունը մոտավորապես 8-9 տարի է: Իրավաբանական անձանց դեպքում, երբ կայանների հզորությունը սկսվում է 20 կՎտ-ից եւ բարձր, կարող ենք խոսել 7-8 տարի անց փոխհատուցվելիության մասին:

Նշեմ, որ ընդհանուր առմամբ էներգետիկայի ոլորտում 9-11 տարիների ընթացքում ներդրումների փոխհատուցվելիությունը շատ լուրջ ցուցանիշ է համարվում, նույնիսկ հաշվի առնելով բոլոր ռիսկերը:

Արդյոք արեւային էներգետիկայի շուկայի զարգացումը չի սպառնում  մատուցվող ծառայությունների որակի նվազեցմամբ եւ որքանո՞վ է սպառողը պաշտպանված որակավորում չունեցող ընկերություններից

Ցավոք, Հայաստանում, արեւային էներգետիկայի ոլորտում, հսկողության եւ որակի հարցին դեռեւս պատշաճ ուշադրություն չի դարձվում: Մինչդեռ այս հարցի վերաբերյալ պետք է պետական մակարդակով լուրջ որոշում կայացվի:

Մենք արդեն ունենք վերականգնվող էներգիայի զարգացման օրինակ, փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման միջոցով. լավ ջրային ռեսուրսներով տարածքներում կառուցվել են անորակ սարքավորումների օգտագործմամբ հիդրոէլեկտրակայաններ: Արդյունքում, ըստ փորձագետների, փոքր հիդրոէլեկտրակայաններում արտադրվում է մինչեւ 30 տոկոս քիչ էլեկտրաէներգիա, քան կարող էր լինել:

Նմանատիպ իրավիճակ կարող է լինել նաեւ արեւային էներգետիկայի ոլորտում:

Իհարկե, յուրաքանչյուր ընկերություն ձգտում է արեւային կայանների համար ընտրել այն տարածքները, որտեղ արեւային ճառագայթման ինտենսիվությունն ավելի բարձր է: Սակայն, եթե այստեղ էլ վատագույն տեխնոլոգիաները ներդրվեն, մենք կունենանք նույն խնդիրները, ինչպես փոքր ՀԷԿ-երի դեպքում:

Շատ կարեւոր է, որ այս բիզնեսում ներգրավված անձինք համապատասխան կրթություն ունենան էներգետիկայի ոլորտում: Մենք տեսնում ենք, որ ներկայումս արեւային վահանակների տեղադրման մեջ ներգրավված են նաեւ անհատները, եւ այդ փաստը չի կարող մեզ մոտ մտավախություններ չառաջացնել: Որակավորում չունեցող ձեռնարկատերը կամ ընկերությունը կարող է ցածրորակ սարքավորում տեղադրել:

Որպես օրինակ, կարող եմ բերել Գերմանիային, որտեղ լուրջ տեխնիկական հսկողություն կա, եւ արեւային էներգետիկայի ոլորտում աշխատող ընկերությունը պետք է համապատասխանի տեխնիկական վկայականներին: Սակայն, նույնիսկ այդ պայմաններում, Գերմանիայում արեւային էներգետիկայի զարգացման նախնական փուլում 100 տեղակայված կայանների 2 տոկոսն է այրվել:

Այսօրվա դրությամբ Հայաստանում դրական միտում է նկատվում. Սպառողները սկսել են ավելի լուրջ վերաբերվել որակի խնդիրներին: Եթե նախկինում համարվում էր՝ որքան ավելի էժան, այնքան ավելի լավ, ապա այժմ հաճախորդները հետաքրքրվում  են արեւային վահանակներ եւ այլ սարքավորումներ արտադրող երկրով, վկայագրերի առկայությամբ եւ այլն:

Սակայն, կրկնում եմ, այս հարցում կարեւոր է պետական վերահսկողությունը: Մենք վախենում ենք, որ դրա բացակայության դեպքում արեւային վերականգնվող էներգիայի գաղափարը կձախողվի: Այդպես արդեն եղել է կոգեներացիոն կայանների հետ. գաղափարը հրաշալի էր, բայց այն վերացավ , եւ ոչ մի  ներդրող այդ ծրագրերին չի մոտենում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արեւային էներգետիկան անվանել է տնտեսության զարգացման հեռանկարայաին ոլորտներից մեկը: Բացի այդ, նա ընդգծել է Հայաստանում արեւային վահանակներ արտադրելու հնարավորությունը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:

Հիանալի կլինի, եթե պետությունը ուշադրություն դարձնի այդ ոլորտին եւ խրախուսի ներդրումները: Իհարկե, Հայաստանը պետք է ընթանա արեւային էներգետիկայի զարգացման ուղղությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանում արեւային վահանակների արտադրությանը, ապա արդեն կան այս գործընթացում ներգրավված ընկերություններ: Մենք շատ դրական ենք գնահատում այս փաստը, եւ, իհարկե, պետք է խրախուսել հայրենական արտադրանքի արտադրությունը: Սակայն մենք պետք է հստակ հասկանանք, թե վերջնական արտադրանքի ինչ որակի մասին է խոսքը: Ամբողջ արտադրական գործընթացների խիստ վերահսկողություն է անհրաժեշտ: Նախ պետք է որակի որոշակի չափանիշներ սահմանվեն:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ