News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայկ Մարությանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար նախօրեին կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում արած սկանդալային հայտարարությունները համացանցում բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ են դարձել, նաեւ քաղաքական ուժերի տարակուսանքը հարուցել: Դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետի թեկնածուի հայտարարությունը, թե իրենց «թիմի դեմը խաղ չկա»:

Ավելի ուշ դերասանը ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է, թե սխալ է արտահայտել մտքերը: Սակայն դա Մարությանին չի փրկել քննադատությունից: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը դերասանին «գավառական ծաղրածու» է կոչել, ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք է հայտնել, որ 1990-ականներին իրենց ամենակարող համարող գործիչների «մեր դեմ խաղ չկան» երկիրը եւ հենց այդ գործիչներին կործանման տարավ: Զոհրաբյանն ընտրություններում իր մրցակցին բարեկամաբար խորհուրդ է տվել զերծ մնալ նման արտահայտություններից:

Մեկ այլ «բարեկամական խորհուրդ» էլ հնչել է ՀՅԴ-ից. կուսակցության հայաստանյան կառույցի ղեկավար Արսեն Համբարձումյանը վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկել է անդրադառնալ Հայկ Մարությանին փոխարինելու հարցին: Համբարձումյանը կարծում է, որ Մարությանը լավ չի հասկացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառն ու իմաստը:

ԿԸՀ-ն քննել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի փաստաթղթերը. 13 քաղաքական ուժերից գրանցվել է 12-ը՝ 8 կուսակցություն եւ 4 դաշինք: Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը ԿԸՀ նիստից րոպեներ առաջ գրությամբ հայտնել է, որ չի մասնակցելու ընտրություններին եւ ինքնաբացարկ ներկայացրել:

Ավելի ուշ կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ բացատրելով որոշման պատճառները: ՀԺԱՄ վարչությունում նշել են, որ անընդունելի են համարում դեռ չսկսված ընտրապայքարը «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների», «սեւերի» եւ «սպիտակների» մրցավազքի եւ հասարակությունը հակամարտող կողմերի վերածելու վտանգավոր փորձերը: Բարի երթ մաղթելով առաջադրված մյուս ուժերին՝ ՀԺԱՄ-ը հորդորել է ձեռնպահ մնալ ամեն գնով հաղթելու մոլուցքից և «մեր դեմ խաղ չկա» վտանգավոր կարգախոսից: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները, հիշեցնենք, նախանշված են սեպտեմբերի 23-ին: Քանի որ այս ընտրություններն արտահերթ են, քարոզարշավն ավելի կարճ կտեւի՝ սեպտեմբերի 10-21-ը:

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերն էր կազմակերպել: Օգտատերերի հարցերին ի պատասխան՝ վարչապետն անդրադարձել է սոցիալական, Երեւանի աղբահանության խնդիրների, ավագանու եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Փաշինյանը տեղեկացրել է, որ մտադիր է օրենքով չարգելված ձեւերով մասնակցել Երեւանի ավագանու ընտրարշավին. վարչապետը հետաքրքիր ընտրություններ է կանխատեսում:

ԱԺ արտահերթ ընտրություններն էլ, ըստ վարչապետի, տեղի կունենան ամենաուշը հաջորդ տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում: Մինչ այդ, կառավարությունը սահմանադրական փոփոխությունների փաթեթ է պատրաստում՝ խորհրդարան ներկայացնելու համար. այն առաջարկելու է խորհրդարանի արձակման հնարավորություն՝ առանց վարչապետի հրաժարականի:

Առաջիկայում էլ վարչապետը Մոսկվա կմեկնի: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ:

Եվս մեկ հարց էլ վերաբերել է արդարացման վճիռ պահանջող Շանթ Հարությունյանին: Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հարությունյանի հետ, առաջարկել վաղաժամկետ պայմանական ազատ արձակվել, հետո արդեն ազատության մեջ պայքարել արդարացման համար: Շանթ Հարությունյանը մերժել է:

Ավելի ուշ որդու՝ Շահենի միջոցով Շանթ Հարությունյանը բանտից պատասխանել է վարչապետին՝ հայտարարելով, որ ակամա զուգահեռներ է նկատել վարչապետ Փաշինյանի եւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում: Նա նաեւ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն հնարավորություն տալ հանդիպել լրագրողների հետ՝ պատասխանելու, իր խոսքով, վարչապետի կողմից իրեն ուղղված կշտամբանքին:

Արցախում զինվոր է մահացել՝ 1996 թվականին ծնված Վանիկ Գեւորգյանը: Պաշտպանության բանակի զինծառայողի մահվան հանգամանքները դեռեւս պարզ չեն, սակայն, նախնական վարկածով, նա ինքնասպանություն է գործել: Դեպքի մանրամասները պարզելու համար քննություն է կատարվում:

Ադրբեջանական զինուժը երեկ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի ուղղությամբ: Բաղանիսի համայնքապետի տեղեկացմամբ՝ գյուղը կրակոցների հետեւանքով վնասներ չի կրել: Հակառակորդի սադրանքի հետեւանքով, սակայն, միջդիրքային տարածքում հրդեհ է բռնկվել, որը երկար ժամանակ շարունակվել է:

«Մարտիկ» հիմնադրամում խոշոր չափերի հասնող վատնումների դեպքեր են բացահայտվել. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործը հարուցվել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա: Ըստ քննչական մարմնի՝ զինված ուժերի սպայական կազմի կրթման ու վերապատրաստման, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացման կանոնադրային նպատակներով ստեղծված հիմնադրամի միջոցները բոլորովին այլ նպատակով են ծախսվել, այդ թվում՝ տարբեր անձանց համար ռեստորաններում եւ հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, թանկարժեք նվերներ մատուցելու համար: Նախնական գնահատականներով՝ հիմնադրամի միջոցներից ավելի քան 54 մլն դրամ է հափշտակվել, որի համար էլ մեղադրվում է Արթուր Աղաբեկյանը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Աղաբեկյանը, սակայն, չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա նշել է, որ քրեական գործի շրջանակում հարցաքննվել է, հիմնադրամի միջոցների մասին տվյալներ ներկայացրել եւ խոստացել գործի ընթացքի մասին, իր իրավասության շրջանակում, պարբերաբար տեղեկություններ հայտնել:

Նոր մանրամասներ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքից: Հարձակման մեջ կասկածվող մյուս երկու անձանց ինքնությունը նույնպես պարզվել է: Օգոստոսի 31-ին Արարատի Մարմարաշեն գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել գյուղի 33-ամյա բնակիչ Մայիս Մկրտչյանը. նա նախկին ոստիկան է: Գյուղի հարակից դաշտում էլ «Կալաշնիկով» ինքնաձիգ եւ «Մակարով» ատրճանակ են հայտնաբերել. նախնական տվյալներով՝ դրանք հանցագործության գործիքներն են։

Մյուս կասկածյալը նույնպես Մարմարաշենից է՝ 49-ամյա Գագիկ Դանոյանը: Նա Մայիս Մկրտչյանի աներն է, երկար տարիներ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թիկնապահն է եղել: Դանոյանին հայտնաբերել են Վրաստանում, հիմա իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ Հայաստանին նրա արտահանձնումը կազմակերպելու համար: Հարուցված քրեական գործով եւս մեկ կասկածյալ՝ Գյումրիից 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն, ձերբակալվել էր ավելի վաղ. դեպքի օրը Արման Մկրտումյանը որդու հետ վնասազերծել էր Ռիժենկոյին: Հայտնի է դարձել, որ նախկինում նա աշխատել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորում:

Դոլարը շարունակում է թանկանալ, եվրոն արժեզրկվել է 3 դրամով: Սեպտեմբերի 3-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 560, ռուբլունը՝ 7 դրամ 12 լումա, ֆունտինը՝ 622 դրամ:

Սեպտեմբերի 4-ին հանրապետության որոշ մարզերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ