News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Երեւան» հիմնադրամում չարաշահումների գործով՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am–ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ հավելելով. «Հարցաքննության օրը կորոշի քննությունը»։

Լրագրողի տարակուսանքին՝ ինչո՞ւ առայսօր չի հարցաքննվել, թեեւ Վանեցյանը հայտարարել էր, որ հրավիրելու են հարցաքննության, նա պատասխանեց. «Ասել էի, որ այսօր հրավիրելո՞ւ եմ։ Քննչական գործողությունները կավարտվեն... ոչ թե կավարտվեն, այլ քննչական խմբի ղեկավարը ինքը որոշում կկայացնի՝ երբ է հրավիրելու»։

ԱԱԾ պետը պարզաբանեց, որ հարցաքննության նպատակահարմարությունը որոշում է քննչական խումը, իսկ ինքը քննչական խմբի գործունեությանը չի խոչընդոտում եւ չի խառնվում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խարդախություն կատարելու հոդվածներով։ Գործը բացվել է երկու քաղաքացու բողոքի հիման վրա, որի համաձայն Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք կառուցապատման եւ գույքի ձեւակերպման  թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից իրենց պարտադրել են «Երեւան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերի գումարներ: Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված՝ «Երեւան» հիմնադրամում կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ քննչական գործողություններ՝ քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները , ինչպես նաեւ օրինականությունը պարզելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ