News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ հոդվածի հիման վրա քրեական գործ հարուցելու հիմք չկար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում «Հետք»-ի հոդվածի հիման վրա քրեական գործ հարուցելուն:

«Եթե հարուցել են քրեական գործ, դրանում ոչ մի խնդիր չենք տեսնում, որովհետեւ ճշմարտությունը պարզ դառնալուն պես նախաքննական մարմինն այդ գործն արագ կկարճի: Ես վստահ ասում եմ, որ Վլադիմիր Գասպարյանը ոչ ոքի գույքին չի տիրացել, դա բացառվում է: Տունը ձեռք է բերել իր ընկերը, ամբողջ գումարը վճարել է՝ 2 մլն դոլարից ավելի, ուղղակի կան մարդիկ, ովքեր եղել են սեփականատերեր, իրար մեջ գումարային խնդիրներ ունեն, եւ շահարկելով Վլադիմիր Գասպարյանի անունը՝ փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել: Հաստատապես բացառում եմ, որ շահարկելով իր դիրքը՝ Վլադիմիր Գասպարյանը տուն է ձեռք բերել, դա պարզապես ծիծաղելի է»,-ասել է փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ տան նախկին սեփականատերերը մարդիկ են, ովքեր որեւէ առնչություն չունեն հեղափոխության հետ, ուղղակի օգտագործելով երկրում ստեղծված իրավիճակը՝ փորձում են իրենց ֆինանսական խնդիրները լուծել, որոնց հետ Վլադիմիր Գասպարյանը որեւէ առնչություն չունի, չի ունեցել ու չի կարող ունենալ:

Հիշեցնենք, որ «Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ