News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անկարային ուղղված Վաշինգթոնի սպառնալիքները՝ կապված պաստոր Էնդրյու Բրանսոնի կալանավորման հետ, չեն համապատասխանում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ դաշինքի սկզբունքներին: Այս մասին, ինչպես հայտնում է Sabah պարբերականը, Ղրղզստանից վերադառնալիս օդանավում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք չենք կարող պահանջները բավարարել, եթե դրանք դուրս են գալիս իրավաբանական գործընթացի սահմաններից: Թուրքիան օրենքի գերակայությամբ երկիր է: Եվ ամեն ինչ կարվի օրենքին համապատասխան: ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները չեն համապատասխանում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ դաշինքի սկզբունքներին»,- նշել է նա՝ հավելելով, որ 2 երկրները ՆԱՏՕ-ի հին անդամներ են:

Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն «առանց բավարար հիմնավորումների գործում է Թուրքիայի դեմ եւ նրան սպառնում»: Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն «չի կարողացել Թուրքիային բավականաչափ աջակցություն ցուցաբերել նույնիսկ անհրաժեշտ սպառազինության գնման հարցում»:

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը օգոստոսի 17-ին հերթական անգամ հրաժարվել է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեջ մեղադրվող պաստորին: Օգոստոսի 1-ին ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի եւ արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի նկատմամբ այն պատճառով, որ Անկարան Բրանսոնին թույլ չէր տվել հայրենիք վերադառնալ: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր ԱՄՆ որոշումը եւ այն վերանայելու կոչ արել:

Բրանսոնը, որը բնակվում է Իզմիրի շրջանում, կալանավորվել է անցյալ տարի՝ Թուրքիայում արգելված Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության եւ ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդ «ֆեթուլլահականների (ՖԵՏՕ) ահաբեկչական կազմակերպության հետ» կապերի մեղադրանքով: Անկարայի կարծիքով՝ Գյուլենի կողմնակիցներն են եղել 2016 թվականին Թուրքիայում ձեռնարկված պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչները:

Բրանսոնը մայիսի 7-ին կանգնել է դատարանի առաջ եւ հերքել է ահաբեկչական գործունեության ու լրտեսության մեղադրանքները, իսկ հուլիսի 25-ին տնային կալանքի տակ է վերցվել բժշկական նկատառումներով: Դատախազությունը նրա համար 35 տարվա ազատազրկում է պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ