Դեռեւս 2017թ.-ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի անձնագիրը պահելը հակասում է Սահմանադրությանը, եթե չկա խափանման միջոց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ իրենց պաշտպանյալի անձնագրերը գտնվում են վարույթն իրականացնող մարմնի մոտ:

«ՄԻՊ-ը դիմել էր Սահմանադրական դատարանին, որն էլ որոշում էր կայացրել, որ մեղադրյալի անձնագիրը չի կարող պահել վարույթն իրականացնող մարմինը: Չեմ կարծում, որ նախաքննական մարմինն այդ մասին տեղյակ չէ»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ 2-րդ նախագահը մի քանի օրով երկրից մեկնելու է: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Քոչարյանի անձնագրերը գտնվում են վարույթն իրականացնող մարմնի մոտ: Նախօրեին արդեն ՀՔԾ-ն հայտնեց, որ քննիչի որոշմամբ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

«Մենք դիմել ենք սահմանապահ զորքերին՝ հասկանալու համար, թե արդյոք սահմանափակում կա երկրից մեկնելու, թե ոչ: Այժմ սպասում ենք պատասխանի, որից հետո մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին կալանավորվել էր, սակայն ավելի ուշ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, անձեռնմխելիության հիմքով ազատ արձակվել: