News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել:

Այս առնչությամբ, գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:

Վերջինիս, ինչպես նաեւ դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի  համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների եւ բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով Ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ եւ չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:

Բացի դրանից, ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի եւ բովանդակության մեջ հետագայում անհարկի եւ անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ եւ կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից  ավելի գումարներ:

Նաեւ՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության եւ որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաեւ աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների եւ բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ ու Երեւան-Աշտարակ հատվածները:

Այդպիսով ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ Ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Մասնավորապես՝ բացի այն, որ շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները եւ չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության եւ պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված  երթեւեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ եւ արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաեւ գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Նկատի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում առերեւույթ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անզգուշությամբ ծանր վնաս հասցնելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ