ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, մի քանի ամիս հետախուզման մեջ էր գտնվում եւ օրերս ինքնակամ ներկայացել է ՀՔԾ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) եւ վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:

Լյովա եւ Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անի եւ Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: