News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է ճնշում գործադրել Իրանի վրա եւ, Ջոն Բոլթոնի խոսքով, «այլ բաներ» ծրագրել, կարծես դժվար է պատկերացնել, որ Թեհրանի եւ Վաշինգթոնի միջեւ կարող են դիվանագիտական հարաբերություններ լինել, սակայն դրանք կարող են եւ պետք է հաստատվեն: Այս մասին գրում են Իրանի արտաքին գործերի փորձագետներ եւ քաղաքագետներ Քավեհ Աֆրասիաբին եւ Նադեր Էնթեսարը The New York Times-ում տպագրված հոդվածում:

Միջին Արեւելքն ի վիճակի չէ հերթական աղետալի պատերազմն ունենալ, սակայն դա, ցավոք, խիստ հավանական է, եթե երկու երկրները շարունակեն այժմյան ձեւով:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում աշխարհի առաջնորդների՝ այս ամիս տեղի ունենալիք ամենամյա հավաքը եզակի եւ պատշաճ հնարավորություն է, որպեսզի Թրամփն ու Ռոհանին հանդիպեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով երկուսի հետ էլ ջերմ հարաբերություններ ունի, կարող է եւ պետք է հանդես գա միջնորդի դերում, գրում են հեղինակները:

Նշվում է, որ հուլիսին Թրամփն ասել է, որ պատրաստ է «առանց նախապայմանների» հանդիպել իրանցիների հետ: Ռոհանիի կառավարությունը սկզբում հերքել է նման հեռանկարը, սակայն նշաններ կան, որ դա հնարավոր է. Ռոհանիի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին վերջերս պնդել է, որ անցյալ տարի Գերագույն վեհաժողովում Թրամփի վարչակազմի պաշտոնյաներն անընդհատ հանդիում էին խնդրում Ռոհանիի հետ: Սրա մասին հայտնելով՝ Վաեզին իրանական մամուլում բանավեճի տեղիք է տվել՝ արդյո՞ք նման հանդիպումը ցանկալի կլինի: Օգոստոսին Ռոհանին ասել է, որ «եթե անկեղծություն կա, ապա Իրանը միշտ էլ պատրաստ է երկխոսության»:

Անցյալ տարվա Վեհաժողովը, հեղինակների կարծիքով, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ եղած հանդիպումներից ամենահաճելիներից չէր: Օգտվելով առիթից՝ երկու նախագահները միմյանց վատաբանեցին. Թրամփն Իրանի կառավարման ռեժիմն անվանեց «խարդախ», իսկ Իրանի միջուկային համաձայնագիրը՝ «խայտառակություն», մինչդեռ Ռոհանին պատասխանեց՝ ԱՄՆ նախագահին անվանելով «միջազգային քաղաքականության մեջ խարդախ նորեկ»:

Դրանից ի վեր Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն էլ ավելի են սրվել: Մայիսին Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային համաձայնագրից Վաշինգթոնի դուրս գալու մասին: Սպիտակ Տունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ հույս ունենալով, որ «ավելի լավ համաձայնագրի կհասնի» եւ Իրանի կառավարությունն էականորեն «կփոխի իր վարքագիծը»: Հավանաբար, ավելի խիստ նոր պատժամիջոցներ կկիրառվեն այս տարվա նոյեմբերին:

Սակայն, քաղաքագետների կարծիքով, այդ աղոտ համաձայնագիրը հեռու է իրանա-ամերիկյան հարաբերությունների միակ խնդրից: Երկու երկրներն էլ շահեր են հետապնդում Աֆղանստանում եւ Իսլամական պետության դեմ պատերազմում. Սիրիայում երկու երկրներն էլ պետք է մտահոգվեն վերակառուցման համար, քանի որ 7 տարի տեւած պատերազմը հանդարտվում է: Բացի այդ, թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն ներգրավված են Եմենի կործանարար պատերազմում, որը վերածվել է մարդասիրական աղետի:   

Հեղինակների համոզմամբ՝ այս թեմաները պետք է դրված լինեն քննարկման Թրամփի եւ Ռոհանիի միջեւ գագաթնաժողովում:

Նշվում է, որ այլ ուժեր էլ կան, որոնք դրդում են իրանա-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների կայացմանը: Մինչդեռ Թրամփի վարչակազմը կարծում է, թե կարող է հասնել Իրանի դեմ մինչեւ 2015 թվականը եղած միջազգային կոալիցիայի վերականգնմանը, սակայն այժմ, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն որոշել է դուրս գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված Իրանի միջուկային համաձայնագրից, միջազգային հանրությունը հիմնականում Իրանի կողմից է:

Միանշանակ, երկու երկրներում էլ հզոր ուժեր կան, որոնք դեմ են նման հանդիպմանը, գրում են փորձագետները: Թրամփի վարչակազմից ոմանք դրանում կտեսնեն իրենց հիմնական օրակարգի՝ Իրանում ռեժիմի փոփոխության արգելք: Նույն կերպ Իրանում նման հանդիպումը ոմանց կողմից կարող է դիտվել որպես Ռոհանիի թուլության դրսեւորում: Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «կռվարար Միացյալ Նահանգների» հետ ցանկացած երկխոսություն անիմաստ է անվանել:

Նշվում է, սակայն, որ Խամենեիի այս դիրքորոշումը կարող է կիրառելի չլինել. անընդհատ աճող ճնշման ներքո Իրանը կարող է ստիպված լինել գնալ ընդառաջ, եթե համոզված լինի, որ Թրամփն իսկապես ցանկանում է այընտրանքային տարբերակներ գտնել Իրանի հետ: Թրամփի եւ Ռոհանիի միջեւ հանդիպումը, հավանաբար, չի տանի կտրուկ առաջընթացի, սակայն պարտադիր չէ, որ երկու երկրները լուծեն իրենց միջեւ եղած բոլոր տարաձայնությունները, որպեսզի վտանգավոր լարվածությունը նվազի: Անգամ փոխադարձ վիրավորանքներից խուսափելու համաձայնությունը կարող է վստահություն առաջացնել, որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ:

Բացի այդ՝ նման հանդիպումը կարող է Թրամփին հավատացնել, որ, ինչպես Հյուսիսային Կորեայի հարցում, այնպես էլ Իրանի հետ նա հաջողության է հասել եւ կարողացել է ազդել Իրանի անկոտրում պահվածքի վրա: Միջազգային հանրությունն էլ, իր հերթին, կողջունի երկու առաջնորդների ջանքերը, որոնք նախանշված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Այս բոլոր պատճառներից ելնելով՝ Թրամփը եւ Ռոհանին պետք է այս ամիս ողջամտորեն նստեն դեմ առ դեմ բանակցելու: Դա, ըստ քաղաքագետների, ամենահամարձակ քայլը կլինի նրանց կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
Չինաստանը քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, թեև որոշիչ է եղել Ռուսաստանի վետոն...
Լիբանանը բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ երկրի հարավում Իսրայելի հարվածների կապակցությամբ
Արտաքին գործերի նախարարությունը Նյու Յորքում ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչություն է ներկայացրել բողոքի տեքստը…
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում՝ ի պատասխան Հարավային Աֆրիկայի հրատապ միջնորդության...
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս...
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Ամենաշատ