News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու Յոհաննեսբուրգում սեպտեմբերի 9-ից-13-ին կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 23-րդ ամենամյա կոնֆերանսին եւ համաժողովին:

Համաժողովը հրավիրվել է «Դատախազական անկախությունը. հասարակության մեջ արդարադատության անկյունաքար» խորագրի ներքո եւ այս տարի նվիրված է դատախազական համակարգի անկախության` աշխարհում կիրառվող կառուցակարգերի արդյունավետությանը, դատախազական ծառայության ղեկավարման եւ հաշվետվողականության, դատախազի անձի պաշտպանության, դատախազական համակարգի նկատմամբ հանրային վստահության հիմնախնդիրներին:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվող ֆորումների ընթացքում քննարկվելու են սահմանադրաիրավական բավարար երաշխքներով դատախազական համակարգերի նկատմամբ քաղաքական ազդեցությունների չեզոքացմանը, հասարակական տարբեր շրջանակների հետ հաղորդակցման արդյունավետ գործիքակազմի կիրառմամբ դատախազությունների անկախության վերաբերյալ հանրային իրական պատկերացումների ձեւավորմանը, վերջինս տարատեսակ հնարավոր ճնշումներին դիմակայելու միջոց դարձնելուն առնչվող ժամանակակից մարտահրավերները:

Մտքեր կփոխանակվեն նաեւ դատախազների վարքագծի եւ կարգապահական կանոնների, առաջխաղացման, խրախուսման կառուցակարգերի կատարելագործման, դատախազների մասնագիտական ու որակական չափորոշիչների, ինչպես նաեւ էլեկտրոնային հանցագործությունների դեմ պայքարում անդրազգային համագործակցության, դատախազական տարբեր միջազգային ցանցերի գործունեության արդյունավետության բարձրացման ակտուալ հարցերի շուրջ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես կգա ելույթով:

Համաժողովին մասնակցում են մոտ 100 երկրների դատախազությունների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Այցի շրջանակներում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ այլ երկրների եւ միջազգային կառույցների դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ:

171 երկրի դատախազանական համակարգ եւ կազմակերպություն ներառող այս հեղինակավոր միջազգային ասոցիացիային ՀՀ գլխավոր դատախազությունն անդամակցում է սկսած 1999 թվականից:

ԴՄԱ-ն նպաստում է անդամ երկրներում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, քրեական հետապնդման համընդհանուր չափանիշների կիրառման, քրեական գործերի արդար, անկողմնակալ եւ արդյունավետ քննության ապահովմանը՝ տեղեկատվական եւ մեթոդական աջակցության ցուցաբերման, փորձի ակտիվ փոխանակման հարթակներ տարամադրելու եւ այլ եղանակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ