News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց: Ավագանու այս ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցում՝ 8 կուսակցություն եւ 4 դաշինք: Նախկին իշխող ՀՀԿ-ն նոր ընտրություններին չի մասնակցում:

Քաղաքական ուժերի մի մասը քարոզարշավի մեկնարկը տվել է մամուլի ասուլիսով, մի քանիսն էլ լրագրողներին հանդիպել է երեկ եւ այսօր արդեն անցել ընտրողների հետ հանդիպմանը: «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն այսօր Էրեբունի վարչական շրջանում էին. նախ բակային հանդիպումներ ընտրողների հետ, իսկ երեկոյան՝ հանրահավաք, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դաշնակցությունը քարոզարշավի մեկնարկը տվել է Արամ Մանուկյանի արձանի հարակից տարածքում հավաքով, որին հետեւել է ավտոերթ մայրաքաղաքի փողոցներով: Հավաքով է մեկնարկել նաեւ «Ժառանգության» քարոզարշավը: Ի դեպ՝ երեկ արդեն առաջին միջադեպն է տեղի ունեցել. կեսգիշերին մոտ «Ժառանգության» անդամն ու համակիրներից մեկն Ազգային ժողովի մոտից բերման են ենթարկվել՝ կուսակցության քաղաքական գովազդն անելու համար, որոշ ժամանակ անց նրանց ազատ են արձակել:

Տրանսպորտ, աղբահանություն, կանաչապատում, քաղաքաշինական խնդիրներ. քաղաքական ուժերի ծրագրերում մայրաքաղաքի՝ բոլորին խնդիրներն են ու դրանց լուծման յուրաքանչյուրի տարբերակը: Դրանք ներկայացնելու համար ընտրություններին մասնակցող ուժերը կարճ ժամանակ ունեն. ընտրություններն արտահերթ են, եւ քարոզարշավը կտեւի ընդամենը 12 օր՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը, իսկ քվեարկությունը սեպտեմբերի 23-ին է: Նշենք, որ Երեւանի ավագանին 65 անդամ կունենա: Ընտրությունների արդյունքներով մանդատների 40 տոկոսը ստացած քաղաքական ուժը, այդ թվում՝ շեմը չհաղթահարածների հաշվին, կտնօրինի տեղերի մեծամասնությունը եւ մայրաքաղաքի նոր քաղաքապետ կնշանակի: Փորձագետների կարծիքով՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կդառնան «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջին լուրջ ներքաղաքական փորձությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ մայրաքաղաքում է բնակվում հանրապետության ընտրողների ավելի քան մեկ երրորդը:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետը կրկին Մոսկվայում էր: Մեկօրյա այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրել է հանդիպել Ռուսաստանի նախագահի, հետո էլ՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը գոհ են փոխգործակցության մակարդակից: Վլադիմիր Պուտինն ասել է՝ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց զարգանում են, Նիկոլ Փաշինյանն էլ ռազմատեխնիկական հարաբերություններն առավել զարգացնելու կոչ է արել:

Մինչդեռ վերջին շրջանում ակտիվորեն խոսվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածության մասին: Կարծիք կա, որ Ռուսաստանը, մեղմ ասած, չի ողջունում Մարտի 1-ի գործով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին առաջադրվող մեղադրանքները, եւ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում սա քննարկման առանցքային թեման է լինելու: Արդեն Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանը վարչապետը չի հերքել. անդրադարձ է եղել նաեւ Միքայել Հարությունյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցին:

Խոսել են նաեւ գազի սակագնից: Փաշինյանը վստահեցնում է՝ Պուտինը զարմացել է, որ Ռուսաստանից ամենաէժանը Հայաստանն է գազ ստանում, բայց սպառողներին այն թանկ է հասնում:

Գործարարների հետ հանդիպմանն էլ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է՝ ցանկանում է, որ փոխվի հարաբերությունների այն մակարդակը եւ մտածողությունը, թե բիզնեսն ու պետությունը հակառակորդներ են: Պետք է փոխվի նաեւ բարեգործության վրա հենված հարաբերությունների մակարդակը. պետք է ներդրումներ անել, աշխատատեղ ստեղծել եւ եկամուտ ստանալ: Առավել հետաքրքիր է եղել Հայաստանի վարչապետի եւ Ռուբեն Վարդանյանի երկխոսությունը, որը լայն արձագանք է գտել մամուլում: Հայտնի գործարարը նախ կոչ է արել խոսել թվերի լեզվով, ոչ թե կոչերով եւ կարգախոսներով, քանի որ եկել են ոչ թե հանրահավաքի, այլ գործարար հանդիպման: Հետո արդեն խոսել բիզնեսի համար անհրաժեշտ պայմանների մասին: Ինչ-որ պահի երկխոսությունը բանավեճի է վերածվել:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին նույնպես մեղադրանք առաջադրվեց: Որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության համար: Այս հոդվածներով առաջադրված մեղադրանքները, ի դեպ, առնչություն չունեն Մարտի 1-ի գործի հետ:

Քննչական մարմնի որոշմանը Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ֆեյսբուքյան գրառմամբ: Նա զավեշտալի է կոչել, իր խոսքով, «ոչ ականջահաճո հարցազրույցից հետո ՀՔԾ հրավիրվելը, ակնհայտ կեղծ մեղադրանքի առաջադրումը՝ ցանկացած այլակարծություն լռեցնելու նպատակով»: Նախկին վարչապետը նաեւ հայտարարել է, որ իշխանությունները «մարդաորս» են իրականացնում, ինչը լավ հանգրվան չի ունենալու:

Իսկ քրեական գործը հարուցվել է «Ավազահատիկ» ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա: Խոսքը հանքարդյունաբերության ոլորտում չարաշահումներին պաշտոնատար անձանց մասնակցության մասին է: Ընկերության հիմնադիրն ու այլ վկաներ իրենց ցուցմունքներում չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում նշել էին Հովիկ եւ Հենրիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները:

Աբրահամյանին մեղադրանք առաջադրելու մասին լրագրողները հարց են ուղղել Նիկոլ Փաշինյանին: Ասել է՝ իրավապահներն առանց հիմքի մեղադրանք չէին առաջադրի: Մինչ այդ, Մխչյան գյուղում նախկին գործարանի տարածքում զենք-զինամթերք հայտնաբերելուց հետո կարծիքներ էին հնչում, որ նախկին վարչապետին նույնպես մեղադրանք է առաջադրվելու Մարտի 1-ի գործով: Զենքերն ուղարկվել են փորձաքննության, եզրակացությունը դեռ չի հրապարակվել:

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Դատարանը բավարարեց Ալեքսանդր Սարգսյանի որդու պաշտպանի միջնորդությունը: Փաստաբանն ուրախ է, որ դատարանն «իր մեջ ուժ գտավ օբյեկտիվ որոշում կայացնելու», սակայն Երեմ Սարգսյանը կարծում է, որ գրավի բավական բարձր շեմ է սահմանվել: Ամեն դեպքում, հարազատներն արդեն վճարել են գրավի գումարը, եւ Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Գործով առաջին դատական նիստը սեպտեմբերի 17-ին է:

Նախօրեին Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. 49-ամյա տղամարդը կառավարության շենքի առջեւ ինքնահրկիզման փորձ է արել: Քաղաքացիներն արագ նկատել են եւ հանգցրել կրակը, սակայն տղամարդը դեմքի եւ մարմնի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում: Տղամարդը մարմնի շուրջ 57 տոկոսի եւ շնչառական ուղիների 20 տոկոսի լուրջ այրվածքներ է ստացել, խորը վերքեր ունի. նա միացված է արհեստական շնչառության սարքին: Տուժածին երեկ երեկոյան այցելել է նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի նոր օգնականի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնական Սոֆյա Նավասարդյանը մինչ նշանակումը վարչապետի տիկնոջն ուղեկցել է պաշտոնական ուղեւորությունների ժամանակ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նա Աննա Հակոբյանի վարսահարդարն է: Վարչապետի մամուլի խոսնակը հաստատել է լուրը: Արման Եղոյանը պարզաբանել է, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի եւ նրա տիկնոջ ոճաբանն է եւ շարունակելու է զբաղվել նույն գործով: Ըստ Եղոյանի՝ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ երկրի ղեկավարը ոճաբան է ունենում:

Դոլարը շարունակում է թանկանալ, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Սեպտեմբերի 10-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 6 դրամ 92 լումա, ֆունտինը՝ 627 դրամ:

Սեպտեմբերի 11-ին հանրապետության հյուսիսային շրջաններում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 4-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ