News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առանց միջազգային մանդատի Սիրիայում Հայաստանի մասնակցությունը ցանկացած նախագծում հղի է մեծ ռիսկերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կմասնակցի Սիրիայում մարդասիրական առաքելությանը:

Մեհրաբյանի խոսքով, այդ մարդասիրական առաքելության պարամետրերը դեռ որոշված չեն եւ դժվար է ասել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ առաքելությունը եւ որքանով է այն համապատասխանում այն մարտական խնդիրների եւ նպատակների հետ, որոնք ՌԴ-ն Սիրիայում հետապնդում է:

 «Մյուս կողմից Սիրիայում Հայաստանի ցանկացած մարդասիրական առաքելություն միջազգային մանդատի կարիք ունի, առանց այդ մանդատի ռուսական ինքնագործունեության շրջանակներում ինչ-որ նախագծերի մասնակցությունը շատ մեծ ռիսկեր է պարունակում եւ դժվար է պատկերացնել, թե ինչ ծավալի դրանք կարող են լինել: Ամեն դեպքում Հայաստանի արեւմտյան գործընկերների՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի մոտ հարցեր կծագեն», - նշեց նա:

Փորձագետը չբացառեց, որ ռիսկերը կարող են լինել ընդհուպ մինչեւ պատժամիջոցների կիրառումը: «Այն, ինչ Ռուսաստանն անում է Սիրիայում, ռազմական հանցագործություն է: Եվ Հայաստանը չպետք է իր գործողություններով տպավորություն ստեղծի, որ դառնում է այդ հանցագործության մասնակիցը միայն Ռուսաստանին սիրաշահելու համար», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշման նկատմամբ հենց այսպիսի վերաբերմունք կարող է ձեւավորվել համաշխարհային հանրությունում, եւ դա չի համապատասխանում Հայաստանի շահերին: Մյուս կողմից, դա պայմանավորված է Սիրիայում հայ համայնքի առկայությամբ:

«Սակայն ես կարծում եմ, որ ամենալավ բանը, ինչը կարելի է անել Սիրիայի հայ համայնքի համար, Հայաստան զանգվածային հայրենադարձություն կազմակերպելն է: Պետք է հասկանալ, որ սիրիական ճգնաժամը շատ հեռու է լուծումից եւ քրիստոնեական համայնքի, այդ թվում հայերի համար կարող են  շատ բացասական զարգացումներ լինել:

 Առավել եւս, որ հայրենադարձությունը Հայաստանի նոր կառավարության ռազմավարական նպատակն է, եւ ես կարծում եմ, որ Սիրիայի հայ համայնքը դրա կարիքն ունի», - ասաց նա:

Պատասխանելով հարցին՝ արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը կարողացել է վերացնել Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում առկա որոշակի անհարթությունները, Մեհրաբյանը նշեց, որ դա որոշակի առումով հաջողվեց նրան, բայց տարաձայնություններ լուծելը՝ ոչ:

Նա նշեց, որ այդ տարաձայնությունները հիմնարար եւ արժեքավոր բնույթ ունեն, դրանք կապված են Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հետ, որը կայսերական բնույթ է կրում, ինչը  հայկական պետականության համար էքզիստենցիալ սպառնալիք է: «Հետեւաբար, միամիտ է ասել, որ Փաշինյանը Պուտինի հետ մեկ զրույցով փոխեց Ռուսաստանի վերաբերմունքը»:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է նա գնահատում Մոսկվայի ազդանշանները Երեւանի իրավիճակով անհանգստանալու վերաբերյալ, Մեհրաբյանը նշեց, որ ռուսական կողմը ավելի լավ է  մտահոգվի իր երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Նրա կարծիքով, ռուսական կողմի նման հայտարարությունները միշտ կլինեն:

«Այս տարածաշրջանային կառուցվածքի մեջ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես իր նպատակներին հասնելու օբյեկտ: Հայաստանը պետք է թույլ լինի, կախյալ եւ մշտապես Ռուսաստանին փրկության համար աղերսի: Եվ այս պարադիգմից Հայաստանի դուրս գալու ցանկացած փորձ կհանգեցնի Ռուսաստանի դժգոհությանն ու մտահոգությանը», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ նա համաձայնեց, որ Հայաստանը միշտ էլ պարտվել է  Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման ժամանակ` Թուրքիայի հետ մերձեցման ֆոնի վրա, ինչն էլ կատարվում է այժմ: Մեհրաբյանը նշեց, որ այդ սպառնալիքները դեռեւս մնում են, եւ իրավիճակից ելքը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է բոլոր ուղղություններով, այդ թվում, անվտանգության եւ տնտեսության ոլորտում` այդ սպառնալիքները չեզոքացնելու համար:

Հարցին՝ արդյոք ներկա իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման փորձեր տեսնում է, Մեհրաբյանն ասաց, որ դեռեւս երկչոտ քայլերի մակարդակով, սակայն ներկայիս իշխանությունները այլ ելք չունեն եւ չեն ունենա, քան դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը եւ բոլորովին նոր հիմքով հարաբերություններ հաստատել հարեւանների հետ, այդ թվում, Վրաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ Արեւելքի եւ Արեւմուտքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ