News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության համար սա շատ վատ է: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստին այսպես արձագանքեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Երկու կառույց կա՝ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն, որոնք ձեռնամուխ են եղել արմատախիլ անել անօրինականությունը երկրում, եւ հասարակությունն իր գնահատականը բազմիցս տվել է, որ մեր կողմից կատարված աշխատանքները արդունավետ են եւ դրական են ընդունվում հասարակության կողմից: Մենք այս 3-4 ամսվա ընթացքում այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահ մարմինները չեն իրականացրել: Ես կարող եմ դա ապացուցել թվերով: Ինձ համար հանելուկ է, ձայնագրությունը 2-3 ժամ է, որ հայտնվել է: Քննություն կարվի, կպարզվի, եթե ԱԱԾ-ի ներսում է արվել, շատ ցավալի է, եթե ԱԱԾ ներսում չի արվել... Արդեն հարուցված է քրեական գործ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե սա նշանակում է՝ կարող են նաեւ գաղտնալսել պաշտպանության նախարարին, վարչապետին, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Շատ հնարավոր է: Եթե գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, շատ հնարավոր է, որ գաղտնալսեն բոլորին, այստեղ գտնվողներին, պաշտպանության նախարարին, վարչապետին եւ այլն: Գաղտնալսելու տեխնիկական հնարավորություն ունի ԱԱԾ-ն, չեմ կարծում, որ մեր ծառայությունում կան դավաճաններ, որ կարող են իրականացնել իրենց ղեկավարների գաղտնալսում»:

Արթուր Վանեցյանը նշեց, որ «քանի որ խոսում են շատ մեծ փողերով մարդկանց մասին», չի բացառվում, որ այդ մարդիկ կարողացել են գնել ինչ-որ հատուկ տեխնիկա եւ իրականացնել գաղտնալսում. «Այդ հարցերի պատասխանը կտա քննությունը: Եթե դավաճաններ կան, պետք է պատասխան տան: Ես չեմ կարող խոսել ենթադրություններով: Եթե հիմա սաեմ, այո արտաքին ուժերն են, կասկածում եմ, չեմ կասկածում, դա 100 մեկնաբանության առիթ է տալու: Մասնավոր զրույց չենք վարում, որ գնահատականներ տամ: Ես եւ Սասուն Խաչատրյանը այդպիսի մասնավոր զրույց ենք ունեցել, որը ներկայացրին որպես սենսացիա: Դա սենսացիա չէ, ամոթալի իրողություն է: Ես դա կհամեմատեմ նրա հետ, որ մեր զինվորները խրամատում հակառակորդի դեմ են կռվում, հետեւից մի քանի հոգի գան ու սկսեն քարերով խփել մեր զինվորներին: Եթե խորը մտածեք, կհասկանաք, որ ես ճիշտ եմ ասում, դա անթույլատրելի բան է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ