News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երկրում ստեղծված իրավիճակը գնահատելու եւ քննարկելու  առաջարկություն  ներկայացրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը այսօր՝ սեպտեմբերի 11–ին, ԱԺ հայտարարությունների ժամին։ 

Նա առաջարկեց, որ ԱԺ բոլոր խմբակցությունները օգտվեն Սահմանադրության 114 հոդվածից եւ հրավիրեն հրատապ թեմայով քննարկում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով։

«Կամ 108 հոդվածով ստեղծեն քննիչ հանձնաժողով եւ քննարկեն ամեն ինչ՝ «ինչպես է ձայնագրվել» հարցից սկսած, «ինչու իմ երկրի ԱԱԾ ղեկավարը պաշտպանված չէ» հարցից սկսած, վերջացրած, թե ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացներին»,–հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Ելույթի սկզբում նա նկատեց. «Փաստորեն, ձայնագրությունը հաստատեց օդում կախված այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ քաղաքականացված է, որ կատարում է քաղաքական պատվեր, որ այդ պատվերը կարգավորում եւ ուղղորդում է վարչապետը անձամբ, որ դատավորներին զանգում են, որ համապատասխան պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց, երբ որ խոսում են գործի հանգամանքների եւ սրան–նրան բռնելու մասին (սրան–նրան արտահայտությունը իմը չէ), եւ կարծում եմ, որ մեր գործընկերների ջանքերը թե ասուլիսին, թե այս դահլիճում վկայում են հին, բարի ՀԱԿ–ի՝ լեւոնական բանաձեւի մասին. «Ռեժիմը խուճապի մեջ է»»։

ՀՀԿ պատգամավորի համոզմամբ՝ իրականությունը փորձում են կոծկել 2 ձեւով. կամ փորձում են սենսացիաներ բարձրաձայնել, կամ թեման շրջել։ Մյուս ձեւը, ըստ Աշոտյանի, կոռուպցիայի դրոշակը բռնելն ու ծածանելն է. «Դրա քավորն էլ վարչապետն է։ Ինչ լինում է՝ պարոն վարչապետն ասում է՝ մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում։ Ի՞նչ կոռուպցիա, տղերք այդ ձայնագրության մեջ ոչ մի անգամ «կոռուպցիա» բառ չկա, «թալան» բառ չկա, «մարդասպան» բառ չկա, դուք ինչի՞ մասին եք խոսում ինչի՞ տեղ եք դրել այս հասարակությանը, այս ժողովրդին»,–նշեց ՀՀԿ պատգամավորը։

Նա կարծիք հայտնեց, որ տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու հետ կապված կոռուպցիոն ռիսկերը բացարձակ կապ չունեն. «Ուրիշ հարց ա ընդհանրապես, թե կոռուպցիայի դեմ ոնց եք պայքարում եւ ինչպես եք «վհուկների որսը» վերածել կոռուպցիայի դեմ պայքարի։ Դա առանձին թեմա է, մի գեղեցիկ օր դրա մասին մանրամասն, այդ թվում՝ ՀՀ–ԵՄ համաձայնագրի շրջանակներում մեր կառավարության ստանձնած պարտավորությունների մասին կխոսենք»,–ասաց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ համացանցում  տարածվել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրությունը։

Ավելի ուշ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձել է  ձայնագրությանը՝ նշելով, որ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Նրա խոսքով՝ ձայնագրությունը հրապարակվել է կոռուպցիայի դեմ իրենց պայքարը, և մասնավորապես, Մարտի 1–ի գործի բացահայտումը տապալելու նպատակով։ Ավելի ուշ, ասուլիս են տվել ԱԱԾ և ՀՔԾ պետերը, որոնք ընդունել են՝ ձայնագրությունն իսկական է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ