News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մենք պլանավորում ենք Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։ Այդ մասին «Մեդիամաքս»-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ըստ նախարարի, բնական է, որ ՊՆ մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետեւաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ: «Հայ մասնագետները Սիրիայում կատարելու են բացառապես հումանիտար խնդիրներ մարտական գործողություններից դուրս տարածքներում, մասնավորապես՝ Հալեպ քաղաքում:  Նույնիսկ ականազերծողների պարագայում խոսքը գնում է ոչ թե զինվորական սակրավորների, այլ հումանիտար ականազերծման մասին, իսկ դրանք մասնագիտական առումով լրիվ տարբեր բաներ են: Կարծում եմ՝ թյուրըմբռնման պատճառն այն է, որ ուշադրություն է դարձվում ոչ թե գործուղման խնդրի եւ գործուղվողների կարգավիճակի, այլ զուտ նրանց՝ զինվորական լինելու հանգամանքի վրա»: 

Անդրադառնալով գործուղման իրավական հիմքին՝ նախարարը նշեց, որ գործընթացի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, ՄԱԿ-ի եւ դրա մարմինների կողմից Մերձավոր Արեւելքին վերաբերվող բազմաթիվ բանաձեւերը ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ եւ Սիրիայի միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։

Տոնոյանը նաեւ նշել է, որ մինչեւ տարվա վերջ Հալեպի կգործուղվի մինչեւ 100 մասնագետ, իսկ թե ինչ ժամանակով դեռ հստակ չէ. «Մեր առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայ համայնքին օժանդակելն է:Մեր բժիշկների եւ հումանիտար ականազերծողների անմիջական ֆիզիկական անվտանգությունն ապահովվելու է հատուկ այդ նպատակով նրանց հետ մեկնող անվտանգության ապահովման մասնագետների կողմից։ Մենք մեր մտադրությունները քննարկել ենք մեր գրեթե բոլոր գործընկերների հետ: Մենք չենք մեկնում Սիրիա որեւէ կողմում ռազմական գործողությունների մասնակցելու: Ի վերջո՝ մեր առաքելությունը մարդասիրական է, իսկ մեր ազգային շահը՝ Հալեպի հայ համայնքի պահպանումն ու Սիրիայի ժողովրդի՝ բնականոն խաղաղ կյանքին վերադարձը: Կարծում եմ՝ այս հարցում մեր գործընկերների մոտ կա լիարժեք ըմբռնում »։

Նախարարը նաեւ հավելել է, որ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո. «Բնականաբար, խումբն իր գործունեությունը համակարգելու է եւ ռուսաստանյան կողմի, եւ տեղի իշխանությունների հետ: Ինչ վերաբերվում է ՌԴ եւ Սիրիայի զինված ուժերին եւ նրանց ռազմական գործողություններին, ապա արդեն նշեցի, որ մարտական խնդիրներ մեր մասնագետները չեն կատարելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ