News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտահոգիչ է համարում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։

«Շատ մտահոգիչ է, անպատկերացնելու մի երեւույթ է տեղի ունեցել, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել: Դա մեզ համար մի աննախադեպ իրավիճակ է ստեղծել, ինչ վերաբերում է մնացածին, մենք պետք է անդրադառնանք այդ հարցին օրենսդրությամբ սահմանված կարգով եւ Սահմանադրությամբ: Այնպես որ բոլոր առաջարկները, որոնք հնչեցին թե երեկ հայտարարությունների ժամին, թե այս ընթացքում, այդ ամենը կանոնակարգված է Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով»,–նշեց  նա։

ԱԺ նախագահը հրաժարվեց մեկնաբանել այն երեւույթը, երբ դատավորը զանգում է ԱԱԾ տնօրենին. «Եթե հարցը պետք է քննարկվի, պարզաբանվի, ապա թույլ տվեք, որ դա տեղի ունենա ոչ թե մեկ անձի կողմից, այլ համապատասխան օրենքների համաձայն»։

Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխներին նկատմամբ ռեյդեր անելու, բոլորին պառկեցնելու հայտարարության մասին հարցին նա պատասխանեց. «Ես մի անգամ հանդես եմ եկել: Մենք մեր քայլերը պետք է իրականացնենք 4 ուղղությամբ՝ երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, մեր բնակչության բարեկեցության բարելավման եւ ժողովրդավարության էլ ավելի ամրապնդման։ Այսինքն՝ որեւէ նահանջ ինձ համար անընդունելի է»,–եզրափակեց Արա Բաբլոյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:

Ավելի ուշ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ