News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցով ՀԱՊԿ ղեկավարների անունից եղել է միջնորդություն, ես էլ իմ հերթին միացել եմ միջնորդությանը եւ այն փոխանցել եմ ՀՔԾ պետին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս եղավ, որ Խաչատուրովը չհայտնվեց բանտում:

«Հստակ պետք է արձանագրենք հետեւյալը. ինչպես՞ է ԱԱԾ տնօրենը, որն այդ պահին գտնվում էր Շվեյցարիայում, եւ ես, որ այդ պահին գտնվում էի Սանկտ Պետերբուգում, հայտնվել այս պատմության մեջ: Որովհետեւ երբ Երեւանից գնացել է ազդակ, բնականաբար, պարոն Խաչատուրովի փաստաբանների, գուցե նաեւ իր կողմից, մենք չենք գաղտնալսել իր հեռախոսը, ազդակ է գնացել, որ ահա այսպիսի պրոցես է, ինձ մեղադրանք են առաջադրում, տարբեր երկրներից եկել են պատասխան ազդակներ, որոնք հիմնականում, հասկանալիորեն, ուղղվել են ԱԱԾ տնօրենին: Այսինքն՝ ԱԱԾ տնօրենն այդ ընթացքում անընդհատ, տարբեր մեր գործընկերներից զանգ է ստացել, թե այս ինչ է կատարվում, կալանավորում եք եւ այլն, եւ այլն, որից հետո ԱԱԾ տնօրենը զանգել է ինձ, ասել՝ գիտեք՝ այսպիսի պրոցես կա, եւ ես հիմա տարբեր ահազանգեր եմ ստանում: Դրանից հետո ես զանգել եմ ՀՔԾ պետին եւ ասել՝ արդյո՞ք այդպես է, թե այդպես չէ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի պնդմամբ՝ հետաքրքրվել է սկզբունքի մասին, քանի որ ՀՔԾ պետի թեկնածու առաջադրելիս պայմանավորվել են, որ օրենքը պետք է կիրառվի, գործերը պետք է բացահայտվեն եւ որեւէ գործի առաջ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի. «Եվ այն պահին, երբ ՀՔԾ ղեկավարը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է, եւ ինքը երաշխավորում է, ես ասել եմ՝ ՀՔԾ-ն, եթե քննչական մարմինը որոշել է, որ իր քննության շահերից պետք է կալանավորվեն, այո՛, ուրեմն պետք է կալանավորվեն, որովհետեւ մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական խոչընդոտ չպետք է լինի քրեական գործի առաջ»:

Այդ ընթացքում, ըստ վարչապետի, ԱԱԾ տնօրենը «մի 10 անգամ զանգել է այս թեմայով, որ այստեղից էլ սենց ազդակ կա, այ ստեղից էլ սենց»:

«Եվ էս խոսակցությունները տեղի են ունենում ԵՏՄ երկրների վարչապետերի գագաթնաժողովում: Անընդհատ զանգ, զանգ, զանգ, զանգ... որից հետո ես խնդրել եմ, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ բոլորին շտապ կարգով տեղյակ պահեն, որ այսպիսի իրավիճակ ա, եւ ես ուղղակի սկզբունքային հարց են համարում, որ չպետք է միջամտեմ, ասեմ, որ փակեք էդ գործը։ Ու անընդհատ էդ գագաթնաժողվի ընթացքում զանգ, զանգ... հիմնական կոմունիկացիան եղել ա ԱԱԾ տնօրենը, որովհետեւ նախ՝ ինքը գնահատել ա, որ սա ԱԱԾ հետ առնչությու ունի, սա արդեն չի դառել դատական հարց, հասկանո՞ւմ եք, սա արդեն դառել ա մի մեծ պատմություն, որտեղ ամեն ինչը գալիս ա ինձ վրա... Ես այդ ժամանակ ունեի ընտրություն՝ ասել, որ հա՛, լավ, դե որ տենց ա՝ եկեք, էդքան էլ բան չի, բայց ինձ համար կարեւոր է, որ այն սկզբունքը, որ դրված է աշխատանքի հիմքում, էդ սկզբունքը կիրառվի: Եթե ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն, Հարկային տեսչությունը որեւէ մեկի մետ որեւէ քրեական գործ է հարուցում կամ որեւէ ձերբակալություն է իրականացնում, դրա ամբողջ պատասխանատվությունը, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունն ընկնում է երկրի գործող ղեկավարի վրա։ Եվ ես երեկ ասացի՝ այո, բոլոր այդ դեպքերի պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա։ Որովհետեւ երեկվա գաղտնալսման մեջ որ ասում է՝ վարչապետը ասում ա՝ կալանավորեք, այո՛, վարչապետը հենց էդ ա ասել. եթե հիմքեր ունեք կալանավորելու, պիտի կալանավորեք, քաղաքական խոչընդոտ պիտի չլինի»:

Փաշինյանը վստահեցնում է՝ իրեն թույլ չի տվել որեւէ բան միջնորդել, բայց միջնորդություն է եկել ՀԱՊԿ ղեկավարների անունից. «Երբ որ ՀԱՊԿ ղեկավարների անունից եղել է միջնորդություն, ես էլ իմ հերթին միացել եմ միջնորդությանը, եւ միջնորդությունը փոխանցել եմ ՀՔԾ պետին»:

Ինչ վերաբերում է դատավորի զանգին, որի մասին հեռախոսազրույցի ձայնագրությունում հիշատակում է Արթուր Վանեցյանը. «Ուզում եմ հստակ ընդգծել. ոչ թե ԱԱԾ տնօրենն է կոնտակտի մեջ մտել որեւէ դատավորի կամ դատական իշխանության ներկայացուցչի հետ, այլ դատական իշխանության ներկայացուցիչն է կոնտակտի մեջ մտել ԱԱԾ տնօրենի հետ, եւ ԱԱԾ տնօրենը նաեւ արտերկրի գործընկերներից որոշակի անհանգստություն ունենալով, գնահատելով իրավիճակը՝ փորձել է դրանից բխող գործողություններ անել, որ բոլոր կողմերը տեղյակ լինեն այն միջավայրից, որը ստեղծվել է այս գործի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ է վարվել, նա պարտավոր էր վարչապետին տեղյակ պահել, որ գիտեք՝ էս երկրից, էս երկրից, էս շրջանակից ահազանգեր ենք ստանում: Նա ճիշտ ա արել, գնահատել ա, որ այստեղ կա ԱԱԾ հետ առնչություն ունեցող խնդիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ