News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում աղբահանության խնդիրները կապված չեն մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Այս մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարեց  «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:

Նրա խոսքով, այն, որ աղբահանության հետ կապված խնդիրները համընկան Մարգարյանի հրաժարականի հետ, ոչ ավելին է, քան  զուգադիպություն: «Մենք ոչ քաղաքականացված կառույց ենք: Մենք որեւէ քաղաքական գործչի հետ կապված չենք», - ասաց նա:

Միեւնույն ժամանակ, Էլ Թավիլը խոստովանեեց, որ վերջին երեք ամիսներին ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Ըստ նրա, պատճառները պետք է փնտրել  առկա խնդիրների կուտակման մեջ: Այսպես, այրվել է ավելի քան հազար աղբաման, ինչը ընկերությանը 700 հազար դոլարի չափով վնաս է պատճառել:

Բացի այդ, վնասվել է մոտ երկու հազար աղբաման, այսինքն, դրանց ընդհանուր թվաքանակի շուրջ 30 տոկոսը: «Քաղաքապետարանը մեզ տուգանեց մոտ 25 միլիոն դրամի չափով: Մենք հարգում ենք այս որոշումը, բայց խնդրում ենք քաղաքապետարանին այդ գումարով աղբարկղեր գնել եւ տեղադրել դրանք քաղաքում, փոխհատուցել «Սանիտեքի» բոլոր վնասները», - ասաց նա:

Նշվեց նաեւ, որ Նուբարաշենի աղբավայրի հարակից ճանապարհների վատ վիճակի պատճառով վնասվել են ընկերության աղբատար մեքենաները:

Էլ Թավիլը տեղեկացրեց, որ «Սանիտեքը» 500 հազար եվրո է ներդրել նոր աղբատար մեքենաների ձեռք բերման համար: «Մեքենաները մոտ ապագայում կժամանեն Հայաստան, եւ դուք կտեսնեք աղբահանության փոփոխություններ», - խոստացավ նա:

Մինչ այդ, նրա խոսքով, աղբահանության ցանկացած այլ օպերատոր նույն խնդիրների հետ կբախվեր:

Չնայած դրան, Էլ Թավիլն ասաց, որ  պատրաստ է 7 մլն դոլարի ներդրումներ կատարել. «Մենք արդեն բանակցում ենք Մերսեդես ընկերության հետ` մեր ավտոպարկը թարմացնելու համար», - ասաց «Սանիտեք»-ի տնօրենը:

Մինչ այդ նշվեց, որ այս ներդրումների իրականացման հնարավորությունը պարզ կդառնա Երեւանի ավագանու ընտրություններից հետո: «Մենք բանակցություններ կանցկացնենք նոր քաղաքապետի հետ, եւ միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացնենք», - ասաց նա:

Մեկնաբանելով Երեւանի քաղաքապետերի մի շարք թեկնածուների հայտարարությունները երկրորդ օպերատորի ներգրավման ճանապարհով աղբահանության մենաշնորհից հրաժարվելու մասին` Էլ Թավիլն ասաց, որ այս հարցը նույնպես կքննարկվի Ավագանու խորհրդի ընտրություններից հետո:

Համանման պատասխանը հետեւեց այն հարցին, թե արդյոք հնարավոր է բարձրացնել քաղաքի բնակիչների աղբահանության վճարը:

Միեւնույն ժամանակ, Էլ Թավիլը ասաց, որ «Սանիտեք» ընկերությունը աշխատում է կորուստներով: «Հայաստանում անհրաժեշտ է մշակել աղբի կառավարման ազգային ծրագիր», - ասաց նա:

Ընկերության տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ «Սանիտեք»-ի տարեկան հարկային վճարումները կազմում են 780 մլն դրամ: Ընկերությունում աշխատում է ավելի քան 900 մարդ, տարեկան կտրվածքով աշխատավարձերի համար հատկացվում է 1.250 մլրդ դրամ:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ