News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վարչապետի ցանկացած հանձնարարական անհապաղ կատարվում է եւ դրա մասին զեկուցվում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ոստիկանությունը հապաղել եւ 2 ժամ ուշ կատարել «օլիգարխներին եւ թիկնապահներին ասֆալտին փռելու»  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը։

Նա շեշտեց, որ ռեյդերը նոր չեն, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ եւ իրականացնում է ստուգումներ. «Այս ռեյդերի մշտապես շարունակվում են, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ստուգվում են։ Մշտապես այդ գործընթացն իրականցվել է»:։

Դիտարկմանը, թե «օլիգարխների թիկնապահներին ասֆալտին փռելու» տեսարանները արդյոք շոուներ չե՞ն, նա նախ շեշտեց, որ տեսանյութերը մեծամասամբ հրապարակում են ոչ թե իրենք, այլ լրատվամիջոցները կամ  քաղաքացիները, ապա հավաստիացրեց, որ որեւէ շոու չկա. «Ես իմ գործունեության ընթացքում շոուներով չեմ զբաղվել առաջնորդվել եմ օրենքով։ Իսկ ովքեր շոուներ են անում, փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա, ապա վստահեցնում եմ, որ ոստիկանությունը երբեք այսպես չի աշխատել, ինչպես հիմա»։

Օսիպյանը վստահեցրեց՝ ռեյդերն իրականացվում է միմիայն պայմանավորված տվյալ անձանց մոտ զենքի առկայության մասին տեղեկության պարագայում, իսկ ոստիկանները նրանց «ասֆալտին փռելով» հաճույք չեն ստանում. «Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որեւէ քաղաքացու գետնին, պատին կամ մեքենային «դեմ տալուց», բնավ ոչ, մենք հաճույք չենք ստանում: Դա պայմանավորված է նրանով, որ տվյալ անձի մոտ կա զենք, կա տեղեկություն, որ նա կրում է զենք, իսկ զինված քաղաքացին ոստիկանության աշխատակցի համար համարվում է վտանգ։ Ստուգելուն պես, երբ տեսնում ենք օրինական է, այնուհետեւ այն փոխանցվում է փորձաքրեագիտական՝ ճշտելու դրա առնչությունը հանցագործության հետ։  Այն գործընթացը, որը կապված է զենքի հետ, երբեք ավելորդ չէ»։

Հարցին՝ արդյոք քաղաքացուն չեն նվաստացնում գետին պառկեցնելով, Օսիպյանը հարցով պատասխանեց.  «Եթե անձի մոտ զենք կա, ինչպե՞ս մոտենանք։ Օրինակ, ԱՄՆ–ում,  երբ քաղաքացին հոծ գիծ է հատել, ոստիկանը մոտենում է, որեւէ հեռավորության վրա ձեռքը դնում է իր զենքին  եւ թելադրում է, թե ինչպես վարվի քաղաքացին։ Իսկ այս պարագայում երբ ունենք տեղեկություն, որ մեքենայի սրահում զենք կա, ինչպե՞ս պիտի վարվենք»:

Հարցին՝ գործարարներ Խաչատուր Սուքիասյանի ու Սամվել Ալեքսանյանի թիկնազորի մոտ ստուգումներ են իրականացվել, որովհետեւ կասկած է եղել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման առնչությա՞մբ, թե՞ այլ պատճառ է եղել, ոստիկանապետը պատասխանեց. «Խնդիրը շարասյունով երթեւեկելն է, մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել, որ նրանք խոչընդոտ են հանդիսանում երթեւեկությանը։ Օսիպյանը նաեւ հավելեց, որ դատապարտում է գաղտնալսումը, քանի որ «գաղտնալսումը թույլատրված է օրենքով սահմանված կարգով, իսկ սահմանդրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոչ ունի խոսքի ազատության իրավունք»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ հարթակից վարչապետի կողմից հրահանգներ տալը ճիշտ է համարում, սակայն Օսիպյանը հրաժարվեց պատասխանել. «Ես իմ վերադասի գործողությունները մեկնաբանելու իրավասություն չունեմ։ Վարչապետի  անօրինական հանձնարարականներ չեմ տեսել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ